Ապրիլի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է չինա-ռուսական արդյունաբերական և ներդրումային համագործակցություն» համաժողովին:
«Ներկայումս Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Միության գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկն է։ 2022 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրների ապրանքաշրջանառությունը ՉԺՀ-ի հետ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, իսկ Չինաստանի տեսակարար կշիռը ԵԱՏՄ արտաքին առևտրի ընդհանուր ծավալում աճել է մինչև 23%»,- նշել է ԵՏՀ նախարարը։
Արզիբեկ Կոժոշևը կարծիք է հայտնել, որ ՉԺՀ-ի հետ աշխատանքների ակտիվացման գործում հատկապես կարևոր է անդամ պետությունների տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ուղի» նախաձեռնության հետ համակցման շրջանակներում:
Արզիբեկ Կոժոշևն առանձին կարևորել է ԵԱՏՄ և ՉԺՀ միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների պլանը: Պլանը նախատեսում է ԵԱՏՄ պետությունների միջև, իսկ հետագայում՝ երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկկողմ և տարանցիկ փոխադրումների դեպքում բեռների փոխադրման համալիր էլեկտրոնային տեխնոլոգիային անցնելու միջոցառումներ։
Ելույթն անդրադարձ է կատարվել նաև Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ երկրների և Չինաստանի միջև փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման թեմատիկային, ներդրումների ներգրավման հարցերին և տրանսպորտալոգիստիկ գործունեության զարգացման գործում նորարարությունների կարևորությանը:
Արզիբեկ Կոժոշևը չինական բիզնեսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ փոխադրման գործունեությունը նախատեսվում է ապահովել Հանձնաժողովի և Միության երկրների համատեղ ջանքերով՝ աջակցության այնպիսի միջոցներով, ինչպիսիք են թվային մաքսատան և թվային առևտրի, ապրանքների մակնշման գործարկումը, ապրանքների և տրանսպորտի հետագծելիության ապահովումը:
ԵՏՀ խոսնակը հակիրճ խոսել է էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագծերի մասին, առաջին հերթին անդրադառնալով Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորմանը։ Նա հատուկ շեշտադրել է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման աշխատանքը և դրա հետ կապված ածխածնազերծման գործընթացը, ԵԱՏՄ-ում համատեղ ցածր ածխածնային տեխնոլոգիաների մշակման և ներդրման անհրաժեշտությունը։
Ամփոփելով ելույթը՝ Արզիբեկ Կոժոշևը չինական կողմի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին և Եվրասիական կոնգրեսին։