Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է Ռուսաստանի «Տրանսպորտի շաբաթվան»

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հրավերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է Ռուսաստանի «Տրանսպորտի շաբաթվա» միջոցառումներին, որն անցել է նոյեմբերի 14-17 Մոսկվայում:

ԵՏՀ նախարարը հանդես է եկել զեկույցով «Եվրասիական տրանսպորտային միջանցքների ուղեգծերում լոգիստիկ ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացում» թեմայով կլոր սեղանի ընթացքում, որում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ոլորտի զարգացման առավել հրատապ հարցերին և ինտեգրման հեռանկարներին։

Ելույթում առանձնահատուկ շեշտել է ենթակառուցվածքային զարգացման ինտեգրացիոն ասպեկտները և առանցքային փաստաթղթերի վրա աշխատանքը, որոնք անմիջական ազդեցություն են գործում նախագծերի իրականացման և եվրասիական տրանսպորտային միջանցքների արդյունավետ գործունեության վրա։

«Ներկայիս համաշխարհային իրավիճակը մեզ թույլ է տվել այլ տեսանկյունից դիտարկել տրանսպորտային համակարգի զարգացման գերակա ոլորտները, որտեղ ամրապնդվում է տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի ընդհանուր շուկայի դերն ու արժեքը», - ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։

Նա նաև նշել է, որ եվրասիական տրանսպորտային միջանցքներն ու երթուղիները, տրանսպորտի ոլորտում Միության երկրների կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, ըստ էության, մատակարարումների ընդհանուր լոգիստիկ շղթայի օղակներ են՝ ապրանքների հոսքի ծագման կետից մինչև իրացման շուկան կամ սպառողը:

Ավարտելով իր ելույթը՝ Արզիբեկ Կոժոշևը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ «Միության շրջանակներում տարանցիկ ներուժի և մեր երկրների ազգային տարանցիկ ներուժի միջև սիներգիային հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե մենք միասին աշխատենք անդրսահմանային և գլոբալ շուկաներում»:

 

Տեղեկանք

Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի շաբաթն անցկացվում է ամեն տարի՝ արդեն 16 տարվա ընթացքում: Կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունն է: Հիմնական իրադարձությունը՝ «Ռուսաստանի տրանսպորտ» միջազգային համաժողովը և ցուցահանդեսը։

Միջոցառումների նպատակն է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն երկրի տնտեսության և նրա տարածքների կապվածությունը, կնպաստեն համաշխարհային տնտեսությունում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը։

Միջոցառումների լսարանը կազմում են մասնագետները, որոնք ներսից են ճանաչում ռուսական տրանսպորտը և կիսում պատասխանատվությունը դրա ապագայի համար։