Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային հանդիպում է կայացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի միջև։

Հանդիպման ընթացքում Արզիբեկ Կոժոշևը և Քազեմ Ջալալին ընդգծել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման Պարսից ծոցի նավահանգիստներ ապրանքներ փոխադրելու առավել անխափան և հարմարավետ ճանապարհի ստեղծման և Իրանի ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև լոգիստիկ ներուժի բացահայտման հարցերում համագործակցության զարգացման արդիականությունը:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել տրանսպորտային միջանցքների և երթուղիների ստեղծմանը և զարգացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ 2022 թվականին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանության են արժանացրել Տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը։ Այդ նախագծերն ուղղված են «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մաս կազմող տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը և չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության իրականացմանը:

ԵՏՀ նախարարը վստահություն է հայտնել, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացումը բարենպաստ կլինի Իրանի և Միության երկրների տնտեսության համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու, այդ թվում՝ Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարարի հետ փոխգործակցության հարցերով հանդիպումներ անցկացնելու մասին։ 

Տեղեկանք

Իրանն այն երկրների թվում է, որոնց հետ ԵԱՏՄ-ն մշտական երկխոսությում է վարում առևտրային համաձայնագրերի կապակցությամբ։ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։