ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի 68-րդ նիստին, որը տեղի է ունեցել Կազանում։ Առաջին անգամ այս միջոցառմանը հանդես են եկել Շանհայի համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները:
Նիստի շրջանակներում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ երկրների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման աշխատանքի մասին և նշել, որ էլեկտրական էներգիայի անդրսահմանային կենտրոնացված առևտրի մեխանիզմի ստեղծումը նորույթ էր «հնգյակի» երկրների միջպետական հարաբերությունների համար:«Համոզված եմ, որ մեր միավորումների՝ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերի սիներգիան մեր երկրներին կօգնի գտնել համաշխարհային տնտեսությունում և, առաջին հերթին, էներգետիկայում ի հայտ եկող մարտահրավերների հաղթահարման նոր լուծումներ», - հայտնել է Արզիբեկ Կոժոշևը:
Ըստ նախարարի՝ ներկայումս ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի մասնակցությամբ շարունակվում է «հնգյակի» պետությունների փորձագետների կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկային միանալու մասին պայմանագրի ձևի նախագծի համաձայնեցումը, որը Միության շուկայի գործունեությունն ապահովող վերջին փաստաթուղթն է:
«ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը թույլ կտա ապահովել թափանցիկ գնագոյացում, հավասար մրցակցություն և էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի անխտրական հասանելիություն», - ընդգծել է նախարարը: