Արզիբեկ Կոժոշև. «Էներգետիկայի ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի զարգացման օբյեկտիվ գնահատում, այլև հեռանկարային լուծումներ»

Մարտի 26-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է էներգետիկայի հարցերով գիտափորձագիտական խորհուրդ։

Միջոցառման ընթացքում պրոֆիլային նախարարությունների, գիտական և փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով գլոբալ էներգետիկ շուկաների փոփոխությունները, ինչպես նաև ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի շուկայական մեխանիզմները, ներառյալ բորսայական աճուրդների կազմակերպումը։

«Վերջին տարիներին էներգետիկ ոլորտը բախվել է գլոբալ բնույթի լուրջ մարտահրավերների և ցնցումների։ Հաշվի առնելով այս փոփոխությունները և ելնելով Եվրասիական տնտեսական միության կայուն զարգացման շահերից, մենք պետք է նախանշենք մինչև 2030 թվականը գազի ընդհանուր շուկայի զարգացման հետագա քայլերն ու հեռանկարները», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։

Գիտափորձագիտական խորհրդի մասնակիցների կարծիքով՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի հեռանկարային ուղղությունների թվում կարելի է առանձնացնել ենթակառուցվածքի, բորսայական մեխանիզմների զարգացումը, գազաշարժիչային վառելիքի շուկայի զարգացումը և գազաքիմիայի ու ցածր ածխածնային օրակարգի ոլորտի համատեղ նախագծերի իրականացումը։

«Այսօր, բարդ տնտեսական պայմաններում, կարևոր է միավորել ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ ջանքերը՝ եվրասիական ինտեգրման առավելությունները արդյունավետ օգտագործելու համար», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։