Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Բիշքեկում մասնակցել է «Գլոբալ լեռնային երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին, որը նվիրված էր լեռնային շրջանների կայուն զարգացման հեռանկարներին։ Նախարարն իր խոսքում կարևորել է տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավումը՝ որպես այս շրջաններում կյանքի որակի բարձրացման առանցքային գործոն։
Նախարարն ընդգծել է, որ Ղրղզստանի Հանրապետությունն իր յուրահատուկ լեռնային լանդշաֆտով և զգալի բնական պաշարներով շարունակում է դրսևորել դրական տնտեսական դինամիկա։ 2024 թվականին երկրի տնտեսությունը ռեկորդային արդյունքներ է գրանցել, իսկ ՀՆԱ-ն աճել է 9%-ով։ Սակայն լեռնային շրջանները բախվում են հատուկ մարտահրավերների, ինչպիսիք են մեկուսացված լինելը, կլիմայական ռիսկերը և ներքին միգրացիան, ինչը հատուկ մոտեցում է պահանջում պետական քաղաքականության մշակման գործում:
Ենթակառուցվածքի զարգացման շրջանակներում Արզիբեկ Կոժոշևն առանձնացրել է «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» և «Բալիկչի-Կոչկոր-Մակմալ» երկաթուղու կառուցման առանցքային նախագծերը, ինչպես նաև հեռավոր շրջանների հետ օդային հաղորդակցության ամրապնդումը։
Առանձին անդրադարձել է էներգետիկայի թեմային։ Ղրղզստանը պետք է շարունակի ակտիվորեն զարգացնել իր վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը, ինչը կօգնի ապահովել լեռնային շրջանների կայուն էներգամատակարարումը և կնպաստի արտանետումների կրճատմանը և սառցադաշտերի պահպանմանը:
«ՎԷԱ-ների զարգացումը և հիդրոէներգետիկ ներուժի բացահայտումը կարևոր քայլ է դժվարամատչելի լեռնային շրջաններում էներգիայի մատչելիության բարձրացման, ինչպես նաև էներգիայի արտաքին մատակարարումներից կախվածության նվազեցման համար, ինչը հատկապես կարևոր է ԵԱՏՄ երկրների լեռնային շրջանների համար»,- ընդգծել է նախարարը։
Նախարարն իր խոսքը եզրափակել է լեռնային շրջանների ներուժի իրականացման և դրանց կայուն տնտեսական աճի ապահովման համար միջազգային համագործակցության ընդլայնման կոչով։