Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) 80-րդ նստաշրջանին, որը տեղի է ունեցել Վիեննայում՝ կազմակերպության կենտրոնակայանում։
Այցի շրջանակներում ԵՏՀ նախարարը հանդիպել է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի ղեկավարության և փորձագետների հետ կազմակերպությունների միջև փոխգործակցության ընդլայնման հարցերը քննարկելու նպատակով։
«Մեր կազմակերպությունների միջև դինամիկ զարգացող հարաբերությունները պաշտոնապես ձևակերպելու համար անհրաժեշտ եմ համարում մշակել Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը, ինչպես նաև սկսել համաձայնեցման անհրաժեշտ ընթացակարգերը 2025 թվականին ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հերթական նստաշրջանի ընթացքում դրա հետագա ստորագրման համար», - ասել է Բախիթ Սուլթանովը։
ԵՏՀ նախարարի խոսքով՝ Հանձնաժողովը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության իրավունքում ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի լավագույն պրակտիկաների կիրարկմամբ և վերլուծական ոլորտում համագործակցության զարգացմամբ։
ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել ներկայացնել իրենց մոտ առկա վերլուծական տեղեկատվությունը և սերտ կապեր պահպանել ԵԱՏՄ երկրների հետ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը, պայմանավորվել են մշակել Միության պետություններում անցկացվելիք ապագա վեբինարների նստաշրջանների թեմաները, ինչպես նաև 2026 թվականին ԵԱՏՄ-ում կազմակերպել ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի 60-ամյակին նվիրված տարածաշրջանային միջոցառումը։
ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը մի շարք այնպիսի ոլորտների օրենսդրական գործիքներ է նախապատրաստում, ինչպիսիք են միջազգային պայմանագրային պրակտիկան, ապրանքաուղեկից փաստաթղթերը, անվճարունակությունը, էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև վեճերի, այդ թվում՝ ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորումը: