Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցման և հետագա ձևավորման մոտեցումները, «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագծի խնդրահարույց հարցերը:
Այցի ընթացքում նաև կայացել է Բախիթ Սուլթանովի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Պոլյակովայի հետ, որի ընթացքում քննարկել են ընդհանուր ֆինանսական դաշտի ձևավորման և ներդաշնակեցման հարցեր:
«Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ ռազմավարական խնդիրներից մեկն է: Այս ոլորտում մոտեցումների ներդաշնակեցումը մեզ թույլ կտա ստեղծել միասնական, թափանցիկ և հուսալի ֆինանսական տարածք, ինչը, անշուշտ, հզոր խթան կդառնա ներդրումների համար, կայունություն կապահովի Միության բոլոր մասնակից երկրների տնտեսական զարգացման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:
Կոնգրեսը ավանդաբար Ռուսաստանի Բանկի ղեկավարության, Ռուսաստանի առաջատար ֆինանսական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև բիզնես երկխոսությունների առաջավոր հարթակն է: Մասնակիցները քննարկում են ֆինանսական շուկայի կարգավորման, դրա թվային ենթակառուցվածքների զարգացման հարցեր, բորսայական տարածքի և վճարային համակարգերի վիճակը և հեռանկարները:
«Այնպիսի հարթակներ, ինչպիսին է Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսը, կարևոր են կառուցողական երկխոսության զարգացման և ժամանակակից ֆինանսական միջավայրի առանցքային միտումների և մարտահրավերների քննարկման համար, մասնակիցներին թույլ են տալիս մշակել ԵԱՏՄ բոլոր երկրների ֆինանսական հատվածի կայունությանը և կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ միջոցներ», — նշել է Բախիթ Սուլթանովը: