Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինները 2020-2024 թվականների ընթացքում կանխել են 53 միլիոն միավոր կեղծ արտադրանքի շրջանառությունը: Այս տվյալները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը ներկայացրել է հոկտեմբերի 6-ից 7-ը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում:Ըստ Բախիթ Սուլթանովի՝ եվրասիական շուկայում կեղծ ապրանքների տարածման դեմ պայքարը մնում է բիզնեսի զարգացման, քաղաքացիների առողջության պաշտպանության և անվտանգության առանցքային գործոնը:
Այս տարի Հանձնաժողովը նախապատրաստել է հերթական՝ 2024 թվականի հաշվետվությունը ԵԱՏՄ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտի իրավակիրառ պրակտիկայի վիճակի մասին:
«2024 թվականին Միության երկրներում կանխվել է 6.6 մլն միավոր կեղծ արտադրանքի շրջանառությունը, ինչը գրեթե 15%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները», — հայտնել է ԵՏՀ նախարարը:
Բախիթ Սուլթանովն իր ելույթում նշել է արհեստական բանականության աճող դերն այն գործունեությունում, որը թույլ է տալիս կանխել կեղծ արտադրանքի տարածումը:
«Վառ օրինակ կարող է ծառայել մարկետփլեյսերում ապրանքների վաճառքի մասին առաջարկների մշտադիտարկման գործիքների օգտագործումը, որոնք թույլ են տալիս հայտնաբերել կեղծ ապրանքը նախքան սպառողին այս առաջարկի հասանելի դառնալը», — նշել է ԵՏՀ նախարարը:
«Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստման շրջանակներում ԵԱՏՄ պետություններն ուսումնասիրում են արհեստական բանականության կողմից ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների համար իրավական պահպանության ամրապնդման հնարավորությունը: Դրան զուգահեռ միջազգային փորձի հիման վրա նախատեսվում է մշակել նման օբյեկտների նկատմամբ, այդ թվում՝ Համացանցում, իրավունքների պահպանության և պաշտպանության հանձնարարականներ, ինչպես նաև ուսումնասիրել ԵԱՏՄ աշխարհագրական նշումների գրանցման համակարգի ստեղծման նպատակահարմարության հարցը:
«Անտիկոնտրաֆակտ-2025» համաժողովի գործնական արդյունքը կդառնան տասներեք թեմատիկ նստաշրջանի աշխատանքների արդյունքում մշակված կոնկրետ հանձնարարականները: Այս առաջարկները նախատեսված են միասնական տնտեսական տարածքի հետագա ամրապնդման համար ԵԱՏՄ իրավատերերի, բիզնեսի և օրենսդիր մարմինների կողմից օգտագործման համար: