Նորություններ

11.11.2022 (Обновлено: 30.11.2022 10:39)

Բախիթ Սուլթանով. «Ժամանակակից պայմաններում մրցակցային քաղաքականությունը պետք է օգնի բիզնեսին հարմարվել նոր իրողություններին»

Հակամենաշնորհային կարգավորումը տնտեսական անկայունության պայմաններում քննարկել են Սկոլկովոյում «Հակամենաշնորհային քաղաքականություն. գիտություն, պրակտիկա, կրթություն» միջազգային գիտագործնական կորֆերանսի լիագումար նիստի մասնակիցները։ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը, ԵԱՏՄ պետությունների և մի շարք օտար երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներ, դատավորներ, մրցակցության ոլորտի առաջատար փորձագետներ, ձեռնարկատերեր: 

Մասնակիցները համակարծիք էին, որ տնտեսությունում առկա ճգնաժամային երևույթները հակամենաշնորհային մարմիններից պահանջում են շուկաներում մրցակցության պատշաճ մակարդակի պահպանման և սպառողների համար դրանց ոչ խտրական հասանելիության ապահովման պատասխան միջոցներ։

Ինչպես ընդգծել է Բախիթ Սուլթանովը, հակամենաշնորհային մարմիններին անհրաժեշտ է առավելագույնս մեղմել նկատվող ճգնաժամային երևույթների բացասական հետևանքները մրցակցության համար։ 

«Համավարակը, սահմանափակող միջոցները, ապրանքների տեղաշարժի շղթաների խաթարումը, պահանջարկի նվազումը և սպառողի համար մրցակցության աճը՝ բիզնեսի համար բացասական բոլոր այս գործընթացները ցույց են տալիս, որ հակամենաշնորհային գերատեսչությունների կողմից վարվող մրցակցային քաղաքականությունը պետք է օգնի բիզնեսին հարմարվել նոր իրողություններին»,- նշել է ԵՏՀ նախարարը:

Բախիթ Սուլթանովն հայտնել է, որ Հանձնաժողովը ձեռնարկում է ձեռնարկատիրությանն աջակցության համալիր միջոցներ, ներառյալ՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցումը, կրիտիկական ներմուծման ապրանքների համար սակագնային արտոնությունների կիրառումը, մաքսային ընթացակարգերի ժամկետների կրճատումը և այլն։ Որպես հակամենաշնորհային կարգավորման ոլորտի նախաձեռնություններ նախարարն առաջարկել է դիտարկել տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ մեղմ կարգավորման միջոցների կիրառման ընդլայնման հարցը։ Հիշեցնենք, որ այս միջոցները կոչված են վերացնելու անդրսահմանային շուկաների «խաղացողների» հակամրցակցային գործողությունների պատճառները, պայմանները և հետևանքները։ Միաժամանակ հաջողվում է նվազագույնի հասցնել մարդկային և ժամանակի ծախսերը, ինչպես նաև խուսափել տուգանային պատժամիջոցներից։

Համաժողովի շրջանակներում Բախիթ Սուլթանովը հանդիպել է Ռուսաստանի ՖԱՍ-ի ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հետ։ Քննարկվել են ընթացիկ արդիական հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում դեղերի համար ռեֆերենս գնագոյացման կիրառման հնարավորությունը, ազգային լիազոր մարմինների կողմից Հանձնաժողովի մոտիվացված ներկայացումների կատարումը՝ վերջինիս կողմից կատարված հետաքննությունների շրջանակներում, տեղեկատվության փոխադարձ փոխանակման թվայնացումը և մի շարք այլ հարցեր։

Հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները նախանշել են Եվրասիական տնտեսական միության երկրներում մրցակցության զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի պլանները։ Ընդհանուր կարծիքի համաձայն՝ դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է առավել ակտիվորեն օգտագործել մրցակցության ոլորտի նախաձեռնությունների քննարկման այնպիսի կարևոր հարթակ, ինչպիսին է ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարի մասնակցությամբ (այսպես կոչված «5 + 1» ձևաչափ), որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա փետրվարին Մոսկվայում։