Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լի Ցզունհուայի հետ:
Լի Ցզունհուայի հետ զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում են կատարել Եվրասիական տնտեսական միության և ՄԱԿ-ի համակողմանի համագործակցության գերակա ուղղությունների շուրջ։
Կողմերը, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ-ի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ ստանալուն ուղղված աշխատանքների ակտիվացման հնարավորությունը։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ մեր համատեղ աշխատանքը համակարգելու համար, — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։ — Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները կնպաստեն մեր երկխոսության ամրապնդմանը և շփումների ընդլայնմանը»։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը զեկուցել է ԵԱՏՄ գործունեության հիմնական արդյունքների մասին՝ նշելով դրա ստեղծման պահից ի վեր մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասի դրական դինամիկան։
Խոսելով ՄԱԿ-ի կառույցների (ՄԱԿ ԵՏՀ, ԵՍԿԱՏՕ և ԷԿԼԱԿ), ինչպես նաև մասնագիտացված հիմնարկների (ՖԱՕ, ՅՈՒՆԻԴՕ, ՎՈԻՍ, ՄՕՄ, ՅՈՒՆԿՏԱԴ և այլն) հետ Հանձնաժողովի փոխգործակցության մասին՝ Բակիտժան Սագինտաևը նշել է, որ ԵՏՀ-ն հատուկ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտի օրակարգին: Մասնավորապես, ԵԱՏՄ մասին պայմանագիրը և այլ հիմնարար փաստաթղթեր ընդգրկում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման բոլոր 17 նպատակները (ԿԶՆ), ինչպես նաև դրանց հասնելու 169 հիմնական խնդիրներից 108-ը։
Հանձնաժողովն ակտիվորեն առաջ է մղում ԿԶՆ-2030 օրակարգը ՄԱԿ-ի և նրա տարածաշրջանային հանձնաժողովների հարթակում, ինչպես նաև ավանդաբար օգտագործում է Կայուն զարգացման քաղաքական համաժողովի հարթակը միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ին որպես վստահելի գործընկեր դիրքավորելու համար:
Լի Ցզունհուան իր հերթին ընդգծել է ԵԱՏՄ-ի կարևոր դերը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպությունների շրջանում՝ վստահություն հայտնելով, որ կայացած հանդիպումը նոր խթան կհաղորդի ԵՏՀ և ՄԱԿ համագործակցությանը։