Հունիսի 26-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» լիագումար նիստը:
Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
Համաժողովին մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսը, Մյանմարի Միություն Հանրապետության վարչապետ Մին Աուն Հլայնը, Բելառուսի Հանրապետության հետ աշխատանքի գծով Նիկարագուայի Հանրապետության համանախագահների հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն:
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը համաժողովում ներկայացրել է Միության գործունեության արդյունքները և ինտեգրման հետագա զարգացման հեռանկարները:
«Իր ստեղծման պահից ի վեր Եվրասիական տնտեսական միությունը ցուցաբերում է զարգացման կայուն դինամիկա, — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: — Տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն գրեթե 18%-ով աճել է՝ 2014 թվականի 1.6 տրլն դոլարից մինչև 2024 թվականի 2.6 տրլն դոլարը: Համաշխարհային տնտեսությունում Միության բաժինը ավելացել է մինչև 4.2%: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է և 2024 թվականի արդյունքներով հասել շուրջ 100 մլրդ դոլարի: Ընդ որում, հաշվարկների 93%-ը ներկայացվում է ազգային արժույթներով: ԵԱՏՄ երկրների միջև ծառայությունների արտահանումն ավելացել է 86%-ով: Գործազրկության մակարդակը կրճատվել է մինչև 3%»:
Ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր արդյունքների շարքում ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է աշխատաշուկայում բարձր աստիճանի ազատականացման հասնելը, տնտեսության 142 հատվածում ծառայությունների միասնական շուկայի գործելը, առևտրում ավելի քան 100 արգելք վերացնելը, 52 տեխնիկական կանոնակարգի ընդունումը, պարենով ապահովվածության 92% մակարդակի հասնելը:
Տնտեսության իրական հատվածների զարգացման համար գործարկվել է արդյունաբերությունում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը:
Հաշվի առնելով տնտեսության բոլոր ոլորտներում թվային փոխակերպման բարձր տեմպերը՝ շարունակվում է միասնական թվային տարածքի ստեղծման աշխատանքը:
«Սա կնպաստի պետական մարմինների, բիզնեսի և քաղաքացիների միջև փոխգործակցության պարզեցմանը: Մեր խնդիրն է՝ բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ: Օրինակ՝ մաքսային ընթացակարգերի թվայնացումը կրճատել է ապրանքների բաց թողնման ժամկետները վեց անգամ», — նշել է Բակիտժան Սագինտաևը:
Տասնամյակի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության դիրքերը միջազգային ասպարեզում: Սա է վկայում շուրջ 40%-ով արտաքին առևտրային ապրանքաշրջանառության աճը:
«Մենք պետք է շարունակենք փոխգործակցությունը հետևյալ ուղղություններով՝ Միության ընդհանուր շուկայի ապահովում առանցքային ապրանքներով ու ռեսուրսներով, տրանսպորտալոգիստիկ ներուժի և կոոպերացիոն համագործակցության զարգացման խթանում: Մենք հաշվի ենք առնելու ինտեգրացիոն համագործակցության փորձը, ազգային շահերը և ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմնարար հիմքերը», — ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: