Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նոյեմբերի 23-ին Էր-Ռիյադում (Սաուդյան Արաբիա) մասնակցել է 2025 թվականի Գլոբալ արդյունաբերական գագաթնաժողովի շրջանակներում Միավորված Ազգերի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) գլխավոր խորհրդաժողովի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:
«Ներդրումների և գործընկերության ուժը Կայուն զարգացման նպատակների իրականացման արագացման գործում» թեման գլխավորն էր բարձր մակարդակի հանդիպմանը:
Պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնավոր և բանկային հատվածի ներկայացուցիչներ քննարկել են հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, քննարկվել են համաշխարհային ինդուստրացման գործում առաջընթացին հասնելու նոր մոտեցումներ:
Համաժողովի պատվիրակներն անդրադարձել են ձեռնարկությունների թվային փոխակերպմանը, ներդրումների ներգրավմանը, տեխնոլոգիաների փոխանակման համար համակարգված համագործակցությանը, առևտրի զարգացմանը, աշխատատեղերի թվի ավելացմանը, նոր լոգիստիկ շղթաների ձևավորմանը, ինչպես նաև ՄԱԿ ԿԶՆ-ների իրականացման միջոցով արդյունաբերությունում էկոլոգիական կայունությանը աջակցելուն:
Կողմերը համակարծիք էին, որ գլոբալ արդյունաբերական օրակարգի հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է կոնկրետ կողմնորոշիչներ մշակել բիզնեսի համար: Քննարկումների արդյունքները և առանցքային եզրակացությունները կներառվեն ՅՈՒՆԻԴՕ-ի տարեկան հաշվետվությունում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հատկապես կարևորում է ՅՈՒՆԻԴՕ-ի՝ որպես արդյունաբերական զարգացման հարցերով ՄԱԿ-ի համակարգի առանցքային կազմակերպության հետ փոխգործակցությունը, այդ թվում՝ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման մասով:
ՅՈՒՆԻԴՕ-ն Միավորված Ազգերի Կազմակերպության մասնագիտացված հիմնարկ է: Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացող երկրներում և անցումային տնտեսություն ունեցող երկրներում արդյունաբերական զարգացմանն աջակցությունը և զարգացումը, ինչպես նաև միջազգային արդյունաբերական համագործակցության խթանումը:
Գլխավոր խորհրդաժողովը ՅՈՒՆԻԴՕ-ի բարձրագույն դիրեկտիվ մարմինն է, որը երկու տարին մեկ անգամ համախմբում է բոլոր 173 անդամ պետություններին: