Հունիսի 5-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության հեռանկարները:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության երկրների առանցքային արտաքին տնտեսական գործընկերներից է: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բացության և ռազմավարական փոխգործակցության սկզբունքների վրա», — ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը:
2019 թվականին Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2024 թվականը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է և հասել 280 մլրդ դոլարի:
Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են տնտեսության մի շարք առաջնահերթ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման ցանկությունը:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՉԺՀ-ի պետական իշխանության մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Մինսկում 2025 թվականի հունիսի 26-27-ին կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի աշխատանքներին:
Չժան Հանհուեյն իր հերթին հրավիրել է Բակիտժան Սագինտաևին Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարված հաղթանակին նվիրված շքահանդեսին: