Նորություններ

30.08.2022 (Обновлено: 07.09.2022 13:56)

Առանցքակալների մասին ԵՏՀ որոշման շնորհիվ Ղազախստանի վագոնների պարկը կաշխատի անխափան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան Ղազախստանի Հանրապետության առաջարկով լրացրել է երկաթուղային գնացքաքարշերի և վագոնների այն մոդելների ցանկը, որոնց շուկայահանումը թույլատրվում է առանց շարժակազմի բաղադրիչների համապատասխանության գնահատման փաստաթղթերի։ Խոսքը մինչև 2014 թվականի օգոստոսի 2-ը շահագործման հանձնված երկաթուղային տրանսպորտի սպասարկման եւ վերանորոգման համար նախատեսված պահեստամասերի մասին է։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ բարձր պահանջներ են ներկայացվում՝ առաջին հերթին, միութենական երկրների քաղաքացիների անվտանգության համար։ Նման ապրանքների որակի և անվտանգության ստուգումը ամենախիստ ստուգումներից է, իսկ սահմանված ստանդարտներին արտադրանքի համապատասխանության ապացույցը համապատասխանության հավաստագիրն է: Այս փաստաթուղթը պարտադիր է արտադրողների, ներմուծողների և վաճառողների համար:

Համապատասխանության գնահատումն իրականացվում է Միության երկրների կողմից ընդունված երեք գործող տեխնիկական կանոնակարգերի հիման վրա՝ երկաթուղային շարժակազմի, արագընթաց երկաթուղային տրանսպորտի և երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին:

Բայց առկա են բացառություններ, որոնք ընդունվում են, օրինակ, ԵԱՏՄ այս կամ այն պետությունում որոշակի տնտեսական առանձնահատյություններով պայմանավորված։ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ վերոնշյալ ցանկը լրացվել է կիսավագոնների 12-9920 և 12-9941 մոդելներով, որոնք արտադրվել են Ղազախստանում։ Դրանց վերանորոգման և սպասարկման ընթացքում հնարավոր է օգտագործել կոնաձև առանցքակալատուփերի համար նախատեսված գլորման առանցքակալները առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի: Սակայն նման կիսավագոնների շահագործումը թույլատրվում է միայն Ղազախստանում, որտեղ կսահմանվի ազգային լիազոր մարմինների խիստ վերահսկողություն։

ԵՏՀ-ի այս որոշումը թույլ կտա խուսափել նշված կիսավագոնների վերանորոգման համար անհրաժեշտ առանցքակալների դեֆիցիտից և կապահովի երկրի վագոնային պարկի անխափան աշխատանքը՝ պահեստամասերի մատակարարումների անկայունության պայմաններում։