Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում:
Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել:
ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան:«2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին:
ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ:«Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը:
Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար: