Դանիյար Իմանալիև. «Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան բարձրացնել ԵԱՏՄ վիճակագրության որակը և մատչելիությունը»
10.10.2025

ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտի առանցքային փաստաթղթերը: Դրանց թվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական աշխատանքների 2026 թվականի ծրագիրը, Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագիրը և ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026 թվականի միջոցառումների պլանը:

Հավանություն է ստացել Հանձնաժողովին անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից տրամադրվող Վիճակագրական ցուցանիշների ցանկը և դրանց տրամադրման ձևերը, որոնք օգտագործվելու են՝ սկսած 2026 թվականից:

Տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ-ում վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար տեղեկատվության նոր աղբյուրների, մասնավորապես, վարչական տվյալների օգտագործման մասին: ԵՏՀ նախարարի խոսքով՝ վիճակագրական դիտարկումների նոր գործիքների ներդրումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունավետ կառավարչական որոշումների ընդունմանը:

«Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս էապես ընդլայնել հասանելի տեղեկատվության շրջանակը և բարձրացնել վիճակագրության որակն այլ աղբյուրների հաշվին ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՏՄ-ի մակարդակով, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հանձնաժողովն ակտիվորեն փոխգործակցում է միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ ԿԶՆ-ների և տվյալների, այդ թվում՝ մեծ տվյալների նոր աղբյուրների օգտագործման հարցերով»:

Քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադարձ առևտրի 2024 թվականի վիճակագրության «հայելային» տվյալների համադրման արդյունքները, ինչպես նաև ձևավորվել է 2026 թվականին տվյալների համադրման նպատակով փորձագետների երկկողմ հանդիպումների անցկացման ժամանակացույց։

Էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման (ներմուծման) ծավալների մասին պաշտոնական տեղեկատվության ձևավորման համար հավանություն է տրվել ԵԱՏՄ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանությունում կատարվող փոփոխություններին:

Հավանության են արժանացել Ֆինանսական վիճակագրության ցուցանիշների ձևավորման մեթոդաբանությունների նախագծերը, ինչպես նաև լիազոր մարմինների կողմից ԵԱՏՄ բաց տվյալների համար SDMX եվրասիական ռեգիստրն օգտագործելիս միջազգային ստանդարտի կիրառման հանձնարարականները: