ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը քննարկել են ծովային բեռնափոխադրումների հարցեր

Մարտի 16-ին ԵՏՀ հարթակում կայացել է «Ծովային բեռնափոխադրումների ոլորտի փորձի փոխանակում» թեմայով ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ առաջին ոլորտային համատեղ սեմինարը: 

Սեմինարի մասնակիցները քննարկել են ԱՍԵԱՆ երկրների և ԵԱՏՄ պետությունների ծովային բեռնափոխադրումների ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները, այս ոլորտում անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև ծովային տրանսպորտի թվայնացման հարցեր:

«Հաշվի առնելով մեր եզակի աշխարհագրական և աշխարհատնտեսական դիրքը, բարձր տարանցման և արդյունաբերական ներուժը, կարևոր խնդիր է դառնում տրանսպորտային միջանցքների զարգացման և լոգիստիկ հանգույցների ստեղծման համար ջանքերի համակարգումը: Ընդ որում, ծովային բեռնափոխադրումները առանցքային դեր են կատարում միջազգային առևտրում, այս ոլորտում մեր փոխգործակցությունը և փորձի փոխանակումը կարող են էապես ամրապնդել մեր տարածաշրջանների միջև տնտեսական կապերը», — սեմինարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը:

ԵԱՏՄ անդամ պետությունների, նախարարությունների, բիզնես կառույցների և գիտական համայնքի ներկայացուցիչները արդիական տեղեկատվություն են ներկայացրել ԱՍԵԱՆ երկրների հետ լոգիստիկ ծառայությունների, նավահանգստային ենթակառուցվածքի, թվային միջանցքների զարգացման մասին:

ԱՍԵԱՆ երկրներից գործընկերները ներկայացրել են նավագնացության համար նախատեսված վառելիքի այլընտրանքային տեսակները գործածելիս անվտանգության ներդրման ասպեկտների և ծովային տրանսպորտում «մեկ պատուհանի» զարգացման ընթացիկ նախագծերի ոլորտի իրենց փորձը:

Սեմինարի մասնակիցները պայմանավորվել են շարունակել այս ուղղությամբ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ ինչպես ԱՍԵԱՆ քարտուղարության և ԵՏՀ-ի միջև, այնպես էլ երկրների և գործարար համայնքի միջև:

«ԱՍԵԱՆ հաջող պրակտիկաների կիրարկումը ԵԱՏՄ-ին թույլ կտա բարձրացնել իր տնտեսական ցուցանիշները Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և տարանցիկ փոխադրումներն իրականացնելիս», — ընդգծել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը:

Միջոցառման արդյունքների հիման վրա կնախապատրաստվի մասնակիցների հիմնական եզրահանգումներն ու հանձնարարականները պարունակող փաստաթուղթ, որոնք կնպաստեն ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության ամրապնդմանը և ծովային բեռնափոխադրումների ոլորտում արդյունավետ լուծումների զարգացմանը: