Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում տեղի է ունեցել խորհրդակցություն իրանական կողմի հետ, որի ընթացքում քննարկվել է «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի զարգացման հարցը։
«Ինչպես պայմանավորվել ենք Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի լիաձևաչափ գոտու ստեղծման աշխատանքների ընթացքում, մենք մեր բոլոր համաձայնագրերը տեղափոխում ենք գործնական հարթություն», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ խոսքը, մասնավորապես, Իրան ԵԱՏՄ-ի արտադրանքի մատակարարումների, ինչպես նաև մեր երկրների շուկաներ իրանական բանջարեղենի և մրգերի լայնածավալ փոխադրումների կազմակերպման մասին էր։ Համապատասխան ապրանքներն այսօր էլ կան խանութների դարակներին։ Սակայն «Եվրասիական ագրոէքսպրեսը» գործարկելուց հետո գյուղատնտեսական արտադրանքը մատակարարվելու է ավելի օպերատիվորեն, ավելի լավ որակով և ավելի փոքր թվով միջնորդների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նախարարը։
«Առաջարկում ենք փոխգործակցություն մեծ իրանական հոլդինգի հետ, որը կարող է կա՛մ ուղղակիորեն ընդգրկվել նախագծում, կա՛մ գործել որպես «մեկ պատուհան»՝ Իրան ձեր ագրոարտադրողների մատակարարումների և հակառակ ուղղությամբ մեր արտադրանքի արտահանման կազմակերպման համար», — իր հերթին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Պեյման-Պակը:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատել այս տրամաբանությամբ՝ համագործակցության կոնկրետ ձևաչափի և մանրամասների քննարկումը պատվիրակելով «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի տնօրինությանը` «եվրասիական Ագրոլոգիստիկա» ԻՈԱԿ-ին, և իրանական ընկերությանը:
«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ լոգիստիկայից բացի, կան լուծման ենթակա այլ հարցեր։ Դրանք են փոխհաշվարկները, անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողությունը, դրանք են Իրանի տարածքով դեպի Պարսից ծոցի երկրներ և Հնդկաստան տարանցման հարցերը», — նաև նշել է Անդրեյ Սլեպնևը։
Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև ասիական և եվրոպական ուղղություններով արտահանման մատակարարումների զարգացման նպատակով ԵԱՏՄ անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման համատեղ նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի փետրվարի 25-ի N 3 կարգադրությամբ։ ԵՄԿԽ-ի 2023 թվականի փետրվարի 3-ի N 6 կարգադրությամբ նախագիծը տարածվել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղիների վրա: