Հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Մոնղոլիայի միջև Ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը:
Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Մոնղոլիայի առաջին փոխվարչապետ, տնտեսության և զարգացման նախարար Ուչրալ Նյամ Օսորը:
Համաձայնագրի ստորագրումը նշանավորում է ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման նոր փուլը: Այն ընդգրկում է 367 ապրանքային ենթադիրք յուրաքանչյուր կողմի համար, որոնց նկատմամբ մաքսատուրքերը կզրոյացվեն կամ կնվազեցվեն փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից:
Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով՝ գործողության ժամկետը ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Ըստ վիճակագրության՝ սակագնային առանձնաշնորհները կընդգրկեն ԵԱՏՄ-ից Մոնղոլիա 2 մլրդ դոլարի արտահանման մատակարարումներ, այսինքն՝ ավելի քան 90%-ը: Համաձայնեցված առանձնաշնորհումները ԵԱՏՄ ընկերություններին թույլ կտան տնտեսել տարեկան մինչև 100 մլն դոլար», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Նրա խոսքով՝ ստորագրված առևտրային համաձայնագրին համապատասխան՝ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսները առանձնաշնորհային պայմաններ կունենան Մոնղոլիայի շուկա այնպիսի սկզբունքորեն կարևոր ապրանքների մատակարարման համար, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, կաթնամթերքը, բուսական յուղերը, մսից ու թռչնամսից արտադնարքը, շաքարը, հրուշակեղենը, պանիրները, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքը: Արդյունաբերական ապրանքների մասով մատակարարումների աճ է կանխատեսվում արտադրանքի հետևյալ տեսակների համար՝ մետաղագործական արտադրանք (երկաթահամահալվածքներ, շիկագլոցված և սառնագլոցված գլանվացքներ, ձողեր, անկյունակներ, խողովակներ և այլն), շարժիչային փոխադրամիջոցներ (ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, հատուկ տեխնիկա, ավտոբաղադրիչներ, կցանքներ և այլն), երկաթուղային մեքենաշինության և քիմիական արդյունաբերության արտադրանք (պոլիմերներ, պլաստիկ սալեր և մասեր), դողեր, ազոտային պարարտանյութեր, դեղեր և այլն:
Մոնղոլական ապրանքների մասով, իրենց հերթին, առանձնաշնորհային մուտք կտրամադրվի մսի (ձիու, ԽԵԱ-ի, ոչխարի միս, մսի պահածոներ, ենթամթերք), կաթնամթերքի (յոգուրտներ, պանիր), թեթև արդյունաբերության ապրանքների (բուրդ, թելեր), ինչպես նաև թեթև արդյունաբերության պատրաստի որակյալ ապրանքների համար՝ ներառյալ տրիկոտաժե և տեքստիլ հագուստը:
Համաձայնագրի ոչ սակագնային մասը պարունակում է հետագա կոոպերացիայի հնարավորություններ՝ տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների, մաքսային համագործակցության, էլեկտրոնային առևտրի և տնտեսական համագործակցության ոլորտներում:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ապրանքաշրջանառությունն արդեն աճել է ավելի քան մեկուկես անգամ: Ակնկալում ենք, որ համաձայնագրի գործարկումից հետո այս միտումը կպահպանվի և կամրապնդվի, ինչը թույլ կտա մեր ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի», — նշել է Անդրեյ Սլեպնևը:Ստորագրվելուց հետո ժամանակավոր առևտրային համաձայնագիրը կուղղվի Մոնղոլիայում և ԵԱՏՄ երկրներում վավերացման ընթացակարգերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։