Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ընդգրկված երկաթուղային, ավտոճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության երկրների միջոցառումների մասին 2022-2024 թվականների զեկույցը:
«Եվրասիական տրանսպորտային միջանցքները Միության տրանսպորտային ենթակառուցվածքի հիմքն են, որն ապահովում է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը և ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացումը», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։
Եվրասիական տրանսպորտային միջանցքներին բաժին է հասնում ԵԱՏՄ-ում տարանցիկ փոխադրումների ծավալի շուրջ 70%-ը, ինչն ընդգծում է յուրաքանչյուր երկրի ազգային հատվածների զարգացման գործում համաժամացման կարևորությունը։
Զեկույցում նշվում է, որ «հնգյակի» երկրների կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերին համապատասխան ակտիվ աշխատանքներ են տարվում եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման ուղղությամբ։ Ընդ որում, ԵԱՏՄ պետությունները միջոցներ են ձեռնարկում սահմանափակ թողունակություն ունեցող հատվածների ընդլայնման համար համատեղ ջանքերը համաժամացնելու ուղղությամբ:
«ԵԱՏՄ երկրների միջև սերտ առևտրային և տրանսպորտային շփումները նպաստում են նրանցից յուրաքանչյուրի տնտեսական աճին։ Այս պայմաններում աճում է եվրասիական տրանսպորտային միջանցքների՝ որպես արտաքին առևտրի ապահովման հիմնական գործոնի կարևորությունը», — վստահ է Արզիբեկ Կոժոշևը։Վերլուծության արդյունքները նախատեսվում է օգտագործել ԵԱՏՄ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համակարգման հետագա աշխատանքներում։