Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթն ընդհանուր իրավական հիմք է դնում Միությունում էլեկտրոնային առևտրի իրականացման համար՝ ապահովելով կարգավորման թափանցիկությունն ու արդարությունը բիզնեսի համար, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։
«Նման միջազգային պայմանագիր անհրաժեշտ է էլեկտրոնային առևտրի զարգացմանը և Միության ամբողջ տարածքում ապրանքների տեղաշարժի ազատության պահպանմանն ուղղված կանխատեսելի միջավայր ստեղծելու, ինչպես նաև հնարավոր խոչընդոտների առաջացումը կանխելու համար», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Համաձայնագիրն առաջին հերթին ուղղված է փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պահպանման ապահովմանը, ինչպես նաև նրանց միջև փոխգործակցության կանոնների որոշմանը և, ի թիվս այլնի, սահմանում է էլեկտրոնային առևտրի մասնակիցների միջև վեճերի նախադատական կարգավորման կարգին ներկայացվող պահանջները, դրամական միջոցների վերադարձի պայմանները և ժամկետները, ինչպես նաև ապրանքի վերադարձի պայմանները, մասնավորապես, ամրագրում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի միասնական 14-օրյա ժամկետ։
Բացի դրանից, սահմանվում են ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման, ինչպես նաև տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումներ, ամրագրվում են գովազդային նամակներին ներկայացվող պահանջները և նախատեսվում է այնպիսի ապրանքների գրանցամատյանի ձևավորում, որոնց իրացումը Միության երկրներում վերջիններիս օրենսդրությանը համապատասխան արգելված կամ սահմանափակված է։