Եվրասիական տնտեսական միության երկրներում երկաթուղային մեքենաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի բլոկի ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բելառուսի հաստոցաշինական ձեռնարկությունների ղեկավարության և տեխնիկական մասնագետների հետ Մերձմոսկվայում՝ Կոլոմնայի տրանսպորտային մեքենաշինության գործարանի արտադրական հարթակում:
Ներկայումս այդ ձեռնարկությունը մշակում է 1 ՄՎտ-ից մինչև 7.35 ՄՎտ հզորությունների միջակայքի շարժիչների արտադրության զարգացման նախագիծը: Նախագիծը նախատեսվում է իրագործել նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի միջոցով:
Միջոցառումների ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու, անցել են առևտրային առաջարկների փոխանակմանը և սարքավորումների մատակարարումների մասին պայմանագրերի նախապատրաստմանը:
Այս կապակցությամբ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը նշել է. «Մեր Միության երկրների արդյունաբերողները պետք է գիտակցեն նոր կոոպերացիոն շղթաների կառուցման կարևորությունը ոչ միայն առանձին ձեռնարկությունների, այլ տրանսպորտային մեքենաշինության ամբողջ եվրասիական կլաստերի և արդյունաբերության հարակից ոլորտների տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու համար»:
Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել «Բելօրգստանկինպրոմ», «Վիստան», «Ռուխսերվոմոտոր», «Կրասնի բորեց», ԳՍԶՈՒ, «Ստանկո-Գոմել» ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կոլոմնայի գործարանն արտադրում է մայրուղային ուղևորատար ջերմաքարշեր, էլեկտրաքարշեր և դիզելային շարժիչներ: