ԵՏՀ-ն և ԱՀԵ միջկառավարական կազմակերպությունը քննարկել են փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ասիայում համագործակցության երկխոսություն (ԱՀԵ) միջկառավարական կազմակերպության փոխգործակցության հարցերը քննարկվել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի և ԱՀԵ գլխավոր քարտուղար Պորնչայ Դանվիվատանի հանդիպման ընթացքում, որը կայացել մայիսի 16-ին ԵՏՀ կենտրոնական գրասենյակում:

Սերգեյ Գլազևը ԱՀԵ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության՝ որպես ժամանակակից բազմաբևեռ աշխարհի նոր կենտրոնի վիճակն ու զարգացման հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է նաև Միության միջազգային գործունեությունը: 

«Ստեղծվել է ճկուն ենթակառուցվածք, որն ընդգրկում է առանցքային գործընկերներին և թույլ է տալիս կոմպլեքս երկխոսություն վարել ի շահ անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման», - հայտնել է Սերգեյ Գլազևը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ տնտեսական ակտիվության նվազման, համաշխարհային առևտրի և ներդրումների դանդաղման ֆոնին տեղի է ունենում առևտրատնտեսական կապերի փոխակերպում։ ԵԱՏՄ-ի համար դա արտահայտվում է, օրինակ, Ասիայում գործընկերների կարևորության աճով, որոնցից շատերը ԱՀԵ անդամ են։ Հաշվի առնելով ԵԱՏՄ և ԱՀԵ առջև դրված նպատակներն ու խնդիրները՝ նրանց միջև փոխգործակցության հաստատումը տրամաբանորեն տեղավորվում է Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի մեջ։

Պորնչայ Դանվիվատանը մանրամասն ներկայացրել է տնտեսական «զամբյուղի» շրջանակներում իր գլխավորած կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և հեռանկարում ԱՀԵ և ԵԱՏՄ միջև հաջող փոխգործակցության հույս հայտնել, որը անդամ պետությունների աջակցության դեպքում կարող էր պաշտոնականացվել համագործակցության մասին համատեղ հուշագրի շրջանակներում:

Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները որոշելու ուղղությամբ, որոնց հիմքը կարող էին կազմել հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման, պարենային անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի, էներգետիկայի, տեխնիկական կարգավորման, կլիմայական օրակարգի, անդամ պետությունների կողմից ինտեգրման առավելությունների օգտագործման հաշվին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու և այլ թեմաներ:

Հանդիպման մասնակիցները կարևորել են աջակցությունը ԵԱՏՄ և ԱՀԵ-ի պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ այդ ինտեգրացիոն կառույցների հարթակների օգտագործմամբ, ինչպես նաև համատեղ մասնակցությունը տնտեսական նախագծերի և նախաձեռնությունների խթանման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառումներին:

Տեղեկանք

ԱՀԵ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականի հունիսի 18-ին՝ Ասիայում համագործակցության խթանման, տարածաշրջանում առևտրային և ֆինանսական շուկաների ընդլայնման, համաշխարհային շուկայում ասիական երկրների տնտեսական մրցունակության բարձրացման, ինչպես նաև միջտարածաշրջանային կոոպերացիայի նոր գործիքի ստեղծման նպատակով, որը «կամուրջ» կդառնար ասիական տարածաշրջանային համաժողովների (ԱՍԵԱՆ, «ԱՍԵԱՆ+3», ՍԱԱՌԿ, Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհուրդ և այլն) միջև, իսկ հեռանկարում՝ համաասիական փոխգործակցության առաջատար կառույց։

ԱՀԵ-ն միավորում է ավելի քան 30 պետություն՝ ԱՍԵԱՆ երկրներ, ինչպես նաև Բանգլադեշ, Բահրեյն, Բութան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Կատար, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, ԱՄԷ, Օման, Պակիստան, Կորեայի Հանրապետություն, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Շրի-Լանկա, Ճապոնիա, Ռուսաստան և այլն: Ավստրալիան, Նեպալը և Եմենը նույնպես գործնական հետաքրքրություն են ցուցաբերում ԱՀԵ-ին միանալու հարցում: 

ԱՀԵ-ի շրջանակներում հայտարարվել են համագործակցության ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և էներգետիկ անվտանգությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ասիական ֆոնդային շուկայի ձևավորումը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, զբոսաշրջությունը, փոքր և միջին ձեռնարկության զարգացումը, միջմշակութային երկխոսություն և այլն: