Եվրասիական տնտեսական միությունում պրակտիկ փոխգործակցության և միասնական մաքսային վարչարարության կատարելագործման հարցերը քննարկվել են հունիսի 28-ից 29-ը Վիտեբսկում (Բելառուս) ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովի մասնակցությամբ։
Միջոցառմանը սահմանվել են մաքսային հայտարարագրմանը և մաքսային վերահսկողության իրականացմանը, մաքսային հայտարարագրերի լրացմանը, ապրանքների դասակարգմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը վերաբերող միասնական մոտեցումներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, որոնք հաջորդ տարվանից կօգտագործվեն ԵԱՏՄ ողջ տարածքում։
«Այս տարվա ապրիլի 3-ին ուժի մեջ մտած Փոխադրումների հետագծման համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի գործնական իրականացումը Միության մաքսային գերատեսչությունների և Հանձնաժողովի օրակարգի հիմնական թեմաներից է», - նշել է Էլդար Ալիշերովը։
Բացի այդ, Բելառուսի մաքսային ծառայությունը «Գրիգորովշչինա» անցակետում ցուցադրել է սահմանին մաքսային վերահսկողության իրականացման պրակտիկան, այդ թվում՝ փոխադրամիջոցների վրա նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգը։
Տեղեկանք
Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրին համապատասխան՝ այս միջգերատեսչական մարմինը ստեղծվել է Միության պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության համակարգման, դրա նպատակների և խնդիրների իրականացման ապահովման, մաքսային կարգավորման ոլորտի մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի կիրառման միասնականացման նպատակով: