ԵՏՀ և ՄԱԿ մտնում են համագործակցության նոր փուլ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության փոխգործակցությունը մտնում է որակապես նոր փուլ։ Այսպես է հայտարարել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը՝ տեսաուղերձով դիմելով ՄԱԿ Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) 59-րդ նստաշրջանի մասնակիցներին։

ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի վերջին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կողմերը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ճանապարհ է բացում մասշտաբային համատեղ համագործակցության համար։

Բախիթ Սուլթանովը նշել է, որ հուշագիրը ԵՏՀ-ին թույլ կտա Միության մարմինների առևտրային իրավունքի ոլորտի ակտերը նախապատրաստելիս հիմք ընդունել ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի ստանդարտները։ Կոնկրետ քայլեր արդեն ամրագրվել են 2026 թվականի պլանում. փորձագետները մի շարք սեմինարներ կանցկացնեն, տեղեկատվության փոխանակում կհաստատեն, իսկ ԵՏՀ աջակցություն կցուցաբերի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ առցանց ուսումնական դասընթացների թարգմանության գործում։

Նախարարն իր տեսաուղերձում անդրադարձել է նաև նստաշրջանի օրակարգում ներառված հարցերին։ Ծրագրում ընդգրկվել են ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի ստեղծման, էլեկտրոնային առևտրի և թվային հարթակների զարգացման, առցանց վճարումների, գործարքների անվտանգության և սնանկության թեմաները։

ՅՈՒՆՍԻՏՐԱԼ աշխատանքներին ԵՏՀ մասնակցությունը հասանելի է դարձնում միջազգային մոտեցումների և փորձագիտական լուծումների մասին արդիական տեղեկատվությունը, որոնք հետագայում կօգտագործվեն ԵԱՏՄ իրավունքի կատարելագործման համար։

«Մեզ համար կարևոր է, որ միջազգային ստանդարտները և փորձագիտական մշակումները տեղափոխվեն գործնական հարթություն այնպես, որ ԵԱՏՄ երկրներին օգնեն օպտիմալացնել կարգավորումը, նվազեցնել բիզնեսի ծախսերը, զարգացնել թվային գործիքները, ապահովել իրավական որոշակիությունը և ամրապնդել տնտեսական շրջանառության մասնակիցների միջև վստահությունը», - ամփոփել է Բախիթ Սուլթանովը։