ԵՏՀ-ն և Մալայզիայի կառավարությունը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում առցանց ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսը Մալայզիայի պաշտոնական ներկայացուցիչների համար: Միջոցառման մոդերատորներն էին ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Մալայզիայի ներդրումների, առևտրի և արդյունաբերության նախարարության երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների բաժնի ավագ տնօրեն Ռաշիդի Սայիդը:

«ԱՍԵԱՆ-ի և տարածաշրջանի երկրների հետ ԵՏՀ-ի համագործակցության զարգացած ենթակառուցվածքն ամուր հիմք է ստեղծում ԵԱՏՄ-ի և Մալայզիայի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար, - ընդգծել է Միքայել Բելլույանը: - Հեռանկարային քայլերից մեկը կարող է դառնալ փոխգործակցության հուշագրի կնքումը: Հենց այս ձևաչափով է Հանձնաժողովն արդեն իսկ հաջողությամբ աշխատում ԱՍԵԱՆ-ի պետությունների մեծ մասի հետ»:

Ռաշիդի Սայիդն ընդգծել է, որ Մալայզիան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններ է զարգացնում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, ամրապնդելով պետությունների բարձրագույն ղեկավարության մակարդակով շփումները: Սա վկայում է մեծ ներուժի և փոխադարձ հետաքրքրության մասին:

ԵՏՀ ներկայացուցիչները մալայզիացի գործընկերներին պատմել են ԵԱՏՄ ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին: Հատուկ ուշադրություն են դարձրել առևտրային քաղաքականությանը, արդյունաբերության և ԱԱՀ ոլորտի առանցքային նախաձեռնություններին, մաքսային կարգավորմանը և տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը: Նաև անդրադարձել են ԵԱՏՄ շուկա մատակարարվող արտադրանքի անվտանգության ապահովման հարցերին: Նշվել են տնտեսության իրական հատվածում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաև հալալ արտադրանքի շուկայի կարգավորման հարցերում լավագույն փորձի փոխանակման լավ հնարավորություններ:

Մալայզիայի կողմից շնորհանդեսին մասնակցել են Ներդրումների, առևտրի և արդյունաբերության նախարարության, Տրանսպորտի նախարարության, Մալայզիայի արտաքին առևտրի զարգացման կորպորացիայի, ինչպես նաև Մալայզիայի ներդրումների զարգացման վարչության ներկայացուցիչներ:

Մալայզիան ԱՍԵԱՆ-ի երկրների թվից ԵԱՏՄ-ի չորրորդ առևտրային գործընկերն է՝ զիջելով միայն Սինգապուրին, Վիետնամին և Ինդոնեզիային: Մալայզիայի տնտեսության ուժեղ կողմերն են զարգացած հանքահումքային բազան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և զբոսաշրջությունը: