ԵՏՀ-ն և Ուզբեկստանի Հանրապետությունը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի չորրորդ նիստի ընթացքում քննարկվել են փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին ԵՏՀ կենտրոնակայանում՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Հուռամ Թեշաբաևի համանախագահությամբ։

«ԵԱՏՄ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում ինչպես իր մասշտաբով, այնպես էլ ապրանքների անվանացանկի լայնությամբ, և մշտապես դրսևորում է դրական դինամիկա։ Ուզբեկստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրներից առաջինն է Միության առևտրային գործընկերների շարքում։ Ուզբեկստանին բաժին է ընկնում ԱՊՀ երկրների հետ ԵԱՏՄ առևտրի արժեքային ծավալի գրեթե կեսը։ «Մեր առևտուրն արտացոլում է ԵԱՏՄ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության տնտեսությունների փոխլրացնող բնույթը», — նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը։

Իր հերթին Հուռամ Թեշաբաևն արձանագրել է, որ ԵԱՏՄ-ի հետ ստեղծվել են բիզնես երկխոսության խթանման արդյունավետ հարթակներ, իրականացվում են արդյունաբերական կոոպերացիայի և ենթակառուցվածքների ոլորտի հարյուրավոր խոշոր նախագծեր։ Ուզբեկստանը համակարգված կերպով մասնակցում է ԵԱՏՄ-ի հովանու ներքո անցկացվող միջկառավարական և միջգերատեսչական նիստերին, տնտեսական համաժողովներին և ցուցահանդեսներին, խորհրդակցություններին և բարձր մակարդակի հանդիպումներին:

Էլդար Ալիշերովի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության արդիական ուղղություններն իրենց զարգացումն են ստացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանում, որը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերին։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային ոլորտի թվայնացման, փոխադարձ առևտրում լոգիստիկ երթուղիների արդյունավետության բարձրացման, ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի մաքսային սահմաններով միջազգային փոխադրման ապրանքների և փոխադրամիջոցների մասին տեղեկատվության փոխանակման կազմակերպման հնարավոր մոտեցումների մշակման, ինչպես նաև մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցեր։

Նիստի արդյունքում կարևորվել է Ուզբեկստանի ուղղությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ նախագծի իրականացումը գյուղատնտեսական արտադրանքի և պարենի մատակարարումների տրանսպորտալոգիստիկ շղթաների զարգացման, այդ թվում՝ արտադրանքի փոխադարձ մատակարարման համար լոգիստիկ նոր երթուղիների մշակման համար։

ԵՏՀ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև դեղերի նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչման, արդյունաբերության և ԱԱՀ համատեղ կոոպերացիոն նախագծերում ուզբեկական ընկերությունների մասնակցության հնարավորությունները։ Նաև աջակցություն է ստացել Ուզբեկստանի առաջարկը 2025 թվականի մարտին ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև մաքսային տարանցման ընդհանուր համակարգի ձևավորման հարցերով հերթական խորհրդակցություններ անցկացնելու մասին։

Կողմերը համաձայնել են 2025 թվականի ապրիլին համատեղ բիզնես երկխոսություն անցկացնելու մասին ԵԱՏՄ գործարար խորհրդի և Ուզբեկստանի ԱԱՊ նախաձեռնության հետ։

Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է 2026 թվականին Ուզբեկստանում համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստն անցկացնելու հարցը։