Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովի հետ։ Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրականացման թեմային, որի ակտիվ մասնակիցներից և նախաձեռնողներից մեկը «ՌԵՈՒ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է՝ «ՌԵՈՒ Լոգիստիկա» ընկերությունը։
«Առաջին տարվա ընթացքում նախագիծն արդեն ցույց է տվել դրական արդյունքներ. կնքվել է տասը համաձայնագիր նոր մասնակիցների հետ, մշակվում է փոխադրումների երթուղիների ընդլայնման հարցը, ձևավորվել է 500 միավոր սառնարանային բեռնարկղերի սեփական պարկը, - ամփոփել է Անդրեյ Սլեպնևը միջանկյալ արդյունքները. - 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոխադրվել է 482 հազ. տոննա, այդ թվում՝ 266,2 հազ. տոննա սառնարանային բեռ»։
Միաժամանակ, ըստ նրա, նախագծի գործողության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է աշխատել մրցունակության հետագա բարձրացման ուղղությամբ։ Այդ կապակցությամբ Անդրեյ Սլեպնևը և Օլեգ Բելոզերովը քննարկել են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում։
Բացի այդ, քննարկվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տրանսպորտային միջանցքների կազմակերպման հարցը, որտեղ կարևորագույն դերը հատկացված է նաև «ՌԵՈՒ» ԲԲԸ-ին:
«Մեր հիմնական նպատակը փոխադրման և ապրանքաուղեկից փաստաթղթերի ծավալում անթուղթ համալիր փոխադրումների անցնելն է։ Եթե դրանցից գոնե մեկը լինի թղթային ձևաչափով, թվայնացումը իմաստ չունի», - կարծիք հայտնեց ԵՏՀ առեւտրի նախարարը։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությամբ հաստատված երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների պլանն այսօրվա դրությամբ հաջողությամբ իրականացվում է: Սակայն, ըստ Անդրեյ Սլեպնևի, առկա են իրագործման մի շարք հարցեր, որոնց հնարավոր լուծումները դիտարկվել են «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի հետ:
Ինչպես նշել է նախարարը, առաջիկայում նախատեսվում է հաստատել նաև չինական կողմի հետ տրանսպորտային միջանցքների թվայնացման պլանը։ Այստեղ «ՌԵՈՒ» ԲԲԸ-ում հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով։
Խորհրդակցության արդյունքներով Անդրեյ Սլեպնևը և Օլեգ Բելոզերովը պայմանավորվել են հետագայում ևս համակարգված աշխատանք կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով: Միաժամանակ ԵՏՀ-ն և «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն պատրաստակամություն են հայտնել միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։