Նորություններ

23.09.2022 (Обновлено: 03.10.2022 11:59)

ԵՏՀ-ն և VK-ն մշակել են սոցիալական ցանցից «ծովահենային» բովանդակությունը հեռացնելու մեխանիզմ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Եվրասիական տնտեսական միության երկրների ՏՏ ընկերությունների, այդ թվում՝ VK-ի ներկայացուցիչների հետ (ընկերությանը պատկանում են «ВКонтакте», «Одноклассники» և «Мой мир» սոցիալական ցանցերը)՝ հեղինակների և օրինական իրավատերերի իրավունքը խախտող թվային բովանդակության տարածմանը հակազդելու մեխանիզմի ստեղծման համար։

Սոցիալական ցանցերից «ծովահենային» բովանդակության օպերատիվ հեռացման մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչ օրս գործող կարգը նախատեսում էր հեռացումը միայն դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Գործնականում սա բավականին տևական գործընթաց է, և այս ամբողջ ընթացքում անօրինական բովանդակությունը տարածվում էր ցանցում՝ վնաս պատճառելով օրինական իրավատերերին։

Այս խնդիրը, մասնավորապես, ԵՏՀ-ին ուղղված իրենց հայտարարություններում մատնանշել են Համացանցում իրավատերերի, հեղինակային իրավունքի պաշտպանության լիցենզատուների ու լիցենզառուների ընկերակցությունը։

Խորհրդակցությունների արդյունքում մշակված մեխանիզմն օգնում է ապօրինի տեղադրման մասին իրավատիրոջ դիմումի հիման վրա ընդամենը մի քանի ժամվա ընթացքում սոցիալական ցանցից հեռացնել «ծովահենային» բովանդակությունը։

Մեկնաբանելով նոր մեխանիզմը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը նշել է, որ մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացման թվային գործիքները զգալի եկամուտ են բերում, և այս շուկայում զարգացած մրցակցային միջավայրը հնարավորություն կտա հասնել օգտվողների և իրավատերերի շահերի հավասարակշռության:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ հակամենաշնորհային իշխանությունների և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին ընդհանուր ըմբռնում է ձեռք բերել հետագա փոխգործակցության և թվային շուկաներում արդար մրցակցության պահպանման համար անհրաժեշտ գործիքների մշակման անհրաժեշտության մասին»,- նշել է նախարարը։