Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչությունը Մոսկվայում սեմինար են անցկացրել դաբաղի և մանր որոճողների ժանտախտի (ՄՈԺ) հարցերի վերաբերյալ՝ Հանձնաժողովի և ԿԱՀԿ համատեղ գործունեության 2022-2024 թվականների ծրագրին համապատասխան:
Սեմինարի աշխատանքներին մասնակցել են ԵՏՀ-ի աշխատակիցներ, ԿԱՀԿ-ի առաջատար փորձագետներ, Եվրասիական տնտեսական միության պետությունների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինների, ինչպես նաև նրանց առաջատար ենթակա ինստիտուտների և լաբորատորիաների պաշտոնյաներ և փորձագետներ:
Քննարկվել է աշխարհում և ԵԱՏՄ երկրներում առկա էպիզոոտիկ իրավիճակը, ԿԱՀԿ-ի պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է այդ հիվանդությունների առնչությամբ երկրի համապատասխան կարգավիճակ ստանալու համար, ինչպես նաև այն ստանալու մեխանիզմը։
«Այդ հիվանդությունների բռնկումների վերացմանն ուղղված ջանքերի միավորումը՝ հաշվի առնելով ԿԱՀԿ-ի հանձնարարականները և համաշխարհային փորձը, թույլ կտա արագացնել փոխադարձ առևտրի սահմանափակումների վերացումը և կնպաստի մեր երկրների արտահանման ներուժի ավելացմանը», - նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն:
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության փոխտնօրեն Վլադիմիր Սուբոտինը ներկայացրել է Միությունում էպիզոոտիկ բարեկեցության ապահովման իրավական հիմքերը: Նա խոսել է ԵԱՏՄ տարածքում դաբաղի կանխարգելման, տեղայնացման և օջախների վերացման ընդհանուր սկզբունքների և կանոնների կիրառման կարգին և ԿԱՀԿ կարգավիճակների ճանաչման հավաստագրեր ստանալիս ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցությանն առնչվող ԵՏՀ ակտերի նախապատրաստման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի մասին:
ԿԱՀԿ դաբաղի հարցերով ռեֆերենտ կենտրոնի ներկայացուցիչը սեմինարի մասնակիցներին տեղեկացրել է աշխարհում դաբաղի և ՄՈԺ տարածման, ԵԱՏՄ տարածք անդամ պետությունների համար էկզոտիկ SAT-2 սերոտիպի դաբաղի վիրուսի ներթափանցման բարձր ռիսկի, ինչպես նաև նոր հակադաբաղային պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց տարածաշրջաններում դաբաղի և ՄՈԺ-ին առնչվող էպիզոոտիկ իրավիճակի մասին, փորձ փոխանակել այս հիվանդությունների վերաբերյալ ԿԱՀԿ կարգավիճակ ստանալու հարցում:
Դաբաղի վերաբերյալ ԿԱՀԿ պաշտոնական կարգավիճակ ստանալու համար փաստաթղթերի ներկայացման կարգի և եղանակի վերաբերյալ գործնական վարժությունները սեմինարի մասնակիցներին օգնեցին հասկանալ փորձագետների կողմից թույլ տրվող բնորոշ սխալները:
Սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն ԵԱՏՄ պետությունների անասնաբույժ մասնագետներին։ Հաշվի առնելով ԿԱՀԿ հանձնարարականները՝ նրանք կօգնեն իրենց պետությունների տարածք դաբաղի և մանր որոճողների ժանտախտի ներմուծման և տարածման կանխման միջոցառումների կազմակերպման և իրականացնման, ինչպես նաև այդ հիվանդությունների վերաբերյալ համապատասխան ԿԱՀԿ կարգավիճակներ ստանալու հարցում:
Տեղեկանք
ԿԱՀԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը պատասխանատու է ամբողջ աշխարհի կենդանիների առողջության համար։ Ճանաչվել է ԱՀԿ-ի ռեֆերենտ կազմակերպություն։
Դաբաղը երկկճղակավոր և կոշտուկոտանի ընտանի և վայրի կենդանիների սուր բարձր կոնտագիոզ վիրուսային հիվանդություն է, որը դրսևորվում է տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի, կուրծի, պսակի, միջկճղակային ճեղքի և թաթաբարձիկների մաշկի վեզիկուլյար (աֆթոզ) ախտահարումներով: Դաբաղը անդրսահմանային վարակներից է, այսինքն՝ արագ՝ անկախ ազգային սահմաններից, տարածվող հիվանդություններից, որոնք ունեն մեծ տնտեսական նշանակություն և ազդում են երկրների միջև առևտրի և պարենային անվտանգության վրա։ Դաբաղով կարող են հիվանդանալ նաև մարդիկ:
Մանր որոճողների ժանտախտը սուր կոնտագիոզ վիրուսային հիվանդություն է: Այն ազդում է հիմնականում ոչխարների և այծերի, երբեմն՝ վայրի մանր որոճողների վրա: Ուղտերը, խոշոր եղջերավոր անասունները և գոմեշները համարվում են զգայուն, թեև նրանց հնարավոր դերը ՄՈԺ վիրուսի շրջանառության հարցում պաշտոնապես չի հաստատվել: ՄՈԺ-ը տարածված է Աֆրիկայում՝ բացառությամբ Հարավային Աֆրիկայի, Արաբական թերակղզում, Մերձավոր և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրների մեծ մասում: Այն սովորաբար ընթանում է սուր ձևով և բնութագրվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, աչքերից և քթից շիճուկային արտադրություններով, փորլուծությամբ և թոքաբորբով, տարբեր լորձաթաղանթների, մասնավորապես բերանի խոռոչի էրոզիաներով: Ունի նմանատիպ կլինիկական պատկեր նաև դաբաղի հետ։