ԵՏՀ ուսումնասիրում է մաքսային վարչարարության միջազգային փորձը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱԽՏՀ երկրների գործիքներին և պրակտիկաներին

Սա հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Սերգեյ Շկլյաևը Չինաստանի Դալյան քաղաքում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակներում կայացած բարձր մակարդակի պաշտոնատար անձանց հանդիպման ընթացքում։

ԱԽՏՀ երկխոսության «Մաքսատուն — Բիզնես» լիագումար նստաշրջանում իր ելույթում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է, որ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ համատեղ շարունակում է աշխատել մաքսային ընթացակարգերի թվայնացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ «հնգյակի» երկրներում նախագծեր են հաջողությամբ իրականացվում, որոնց թվում են նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման մեխանիզմի ներդրումը, խելացի անցակետերի ստեղծումը և մի շարք այլ նախագծեր։

«Մենք ձգտում ենք ստեղծել մաքսային կարգավորման ժամանակակից, արդյունավետ համակարգ՝ հիմնված հեռանկարային տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որն ապահովում է մաքսային գործառնությունների կատարման արագությունը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողության որակը և մակարդակը, — նշել է Սերգեյ Շկլյաևը։ — Դրա համար մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱԽՏՀ մասնակից պետությունների իրավական գործիքներին և պրակտիկաներին, ինչպես նաև մաքսատան և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսության կառուցման նրանց փորձը»։

ԵՏՀ նախարարը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության ղեկավար Սուն Մեյցզյունի հետ։

Քննարկվել են Հանձնաժողովի և Չինաստանի մաքսային ծառայության արդիական հարցեր։ Հանդիպման կենտրոնական թեման էր ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների և ՉԺՀ ԳՄՎ միջև տեղեկատվական փոխանակման գործնական իրականացումը, որը նախատեսված է համապատասխան համաձայնագրով։ Այս կապակցությամբ Սերգեյ Շկլյաևն ընդգծել է, որ Հանձնաժողովը և Միության երկրները կարևորում են տեղեկատվության փոխանակումը ԵԱՏՄ կազմում չընդգրկված պետությունների մաքսային մարմինների հետ միջազգային առևտրի թափանցիկության բարձրացման համար։

Կողմերը վերահաստատել են, որ հետաքրքրված են անհրաժեշտ իրավական հիմքի համաձայնեցումն հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելով և այդ փոխանակման գործնական իրականացմանն անցնելով։

ԵՏՀ նախարարը չինացի գործընկերներին հայտնել է Միության տարածքում Մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծման աշխատանքի մասին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից 2024 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ մտել 2026 թվականի հունիսին։

«Տարանցման միասնական համակարգի հիմքում լավագույն համաշխարհային պրակտիկաներն են, այն մի շարք պարզեցումներ է նախատեսում մաքսային փոխադրումների համար, այդ թվում՝ տարանցման միասնական հայտարարագրի, միասնական ֆինանսական երաշխիքի կիրառումը, այլ մաքսային ծառայությունների մաքսային հսկողության արդյունքների ճանաչումը, ինչպես նաև նագիվագիոն կապարակնիքների օգտագործումը, — բացատրել է Սերգեյ Շկլյաևը։ — Այս համակարգը բաց է, և կարող են միանալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրները»։

ԵՏՀ նախարարը նաև նշել է, որ Չինաստանը «հնգյակի» երկրների առանցքային առևտրային գործընկերն է, և նախագծին դրա մասնակցությունը կարող էր բարձրացնել եվրասիական տարածքի տարանցիկ ներուժը ապրանքների տեղաշարժի արագացման հաշվին։

Հանդիպմանը քննարկվել են «Խելացի մաքսատուն» ուղղությամբ ՉԺՀ նախաձեռնությունները, մաքսային վարչարարության առաջադեմ պրակտիկաները և ԵԱՏՄ շրջանակներում դրանց կիրառման հնարավորությունները։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը հեղինակավոր միջազգային հարթակ է, որը ստեղծվել է տարածաշրջանի երկրների առևտրային փոխգործակցության համար։ ԱԽՏՀ մասնակից են ինչպես անմիջապես ԵԱՏՄ-ին սահմանակից, այնպես էլ միավորման կարևոր առևտրային գործընկեր պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Վիետնամը և Ինդոնեզիան։