Նորություններ

06.09.2022 (Обновлено: 14.09.2022 11:41)

ԵՏՀ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում մետաղագործական ոլորտի հումքային ապահովման խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մոտեցումները

Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին Նուր-Սուլթանում կայացած PRO Lom ամենամյա մետաղաջարդոնային կոնֆերանսի շրջանակներում։

Համաժողովի մասնակիցները քննարկել են ոլորտի մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են առաջիկա հեռանկարում ակնկալվող փոփոխություններին, ջարդոն մթերողների համար ընթացիկ տնտեսական իրավիճակում աճի հնարավորություններին, սև և գունավոր մետաղաջարդոնի վերամշակման նորարարական տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառմանը և լոգիստիկայի զարգացմանը։

«Ընթացիկ պայմաններում շատ կարևոր է օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը ԵԱՏՄ ներքին շուկայում մետաղաջարդոնի անարգել տեղափոխման, նոր լոգիստիկ շղթաների ձևավորման, ջարդոնի մթերման ոլորտի զարգացման լրացուցիչ միջոցների ձեռնարկման, ջարդոնի փոխադրման ոլորտի լոգիստիկայի զարգացման ապահովման համար, այդ թվում՝ Հանձնաժողովի հարթակում Միության երկրների ջանքերը միավորելու համար»,- նշված է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի՝ միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում, որն ընթերցել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։
ԵՏՀ-ի տվյալներով՝ ԵԱՏՄ-ում սև մետաղների մթերման ներուժը կազմում է տարեկան 40-ից 80 մլն տոննա: Ընդ որում, էլեկտրական պողպատաձուլական հզորությունների ընդհանուր ծավալը, որոնցում մետաղաջարդոնն օգտագործվում է պողպատի արտադրության համար, կազմում է 40-ից 50 մլն տոննա։

Միևնույն ժամանակ, միջազգային պատժամիջոցների հետ կապված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով մետաղագործական ոլորտը բախվում է մի շարք խնդիրների լուծման համար օպերատիվ լուծումների որոնման մարտահրավերների։ Խոսքը համաշխարհային շուկայում ավանդական լոգիստիկ շղթաների խախտման կապակցությամբ ներքին և արտաքին շուկաներում մետաղական արտադրանքի սպառման նվազման մասին է, որը հետագայում կարող է հանգեցնել ԵԱՏՄ տարածքում ջարդոնի մթերման ծավալների նվազմանը։

Փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կարող է միաժամանակ խթանել կոոպերացիայի զարգացումը, նպաստել ոլորտի արտադրողների վերակողմնորոշմանը դեպի ներքին շուկա, այդ թվում՝ շինարարության և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ապահովման համար։

Մետաղագործական ոլորտին աջակցելու համար պայմաններ ստեղծելու նպատակով Հանձնաժողովը մշակել է ԵԱՏՄ պետությունների մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման 2021-2024 թվականների միջոցառումների պլան, որն ընդունվել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից 2021 թվականին։

Պլանը նախատեսում է ազգային մակարդակով այնպիսի միջոցների մշակում և ընդունում, որոնք ուղղված են ջարդոնի հավաքման ու մթերման, լոգիստիկայի օպտիմալացման խթանմանը, մետաղագործական ոլորտի ձեռնարկությունների հումքային ապահովման նպատակով մետաղների թափոնի և ջարդոնի, ինչպես նաև երկաթի վերամշակման նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը:

Ներկայումս կողմերն արդեն կատարել են առաջին քայլերը ջարդոնի մթերման ոլորտի զարգացման, Միության մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հետ կապված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Պլանի միջոցառումները ազգային և վերազգային մակարդակներում իրականացնելու ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը պայմաններ կստեղծեն ջարդոնի մթերման ոլորտի աջակցության ու զարգացման և Միության ներքին շուկայում ԵԱՏՄ մետաղագործական ձեռնարկությունների երկարաժամկետ կայուն հումքային ապահովման համար, այս բարդ տնտեսական իրավիճակում թույլ կտան պահպանել ջարդոն մթերողների ու սպառողների մրցունակությունը:

Ոլորտի զարգացման հարցերի քննարկման առնչությամբ կոնֆերանսի արդյունքները նոր խթան կդառնան ոլորտի զարգացման ընդհանուր խնդիրների համատեղ լուծման և մետաղագործական ոլորտում կոոպերացիոն համագործակցության հետագա զարգացման համար։


Տեղեկանք.

«Սիբիրի և Հեռավոր Արևելքի ջարդոն մթերողների միավորում» ջարդոն վերամշակողների ընկերակցությունը (ՋՎԸ «Պրո Լոմ») ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանի Դաշնության Սիբիրի և Հեռավոր Արևելքի դաշնային շրջանների սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների գործածման ոլորտի ավելի քան 100 մասնակցի:

«PRO Lom» ոլորտային մետաղաջարդոնային կոնֆերանսը ավանդական մասնագիտական հարթակ է ոլորտի արդիական հարցերի քննարկման համար, այդ թվում՝ Միության շրջանակներում: Միջոցառման այս տարվա հիմնական նպատակն է Ղազախստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերությունների միավորումը փոխգործակցության մեխանիզմների զարգացման, բարելավման և լուծումների որոնման առումով, որոնք փոխհարաբերությունների մակարդակը կարող են դարձնել ավելի թափանցիկ և կայուն: Կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 650 մարդ Ռուսաստանի և Ղազախստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ լիազոր մարմինների ներկայացուցիչներ, երկու երկրների ջարդոն մթերող առաջատար ձեռնարկություններ, ինչպես նաև ջարդոնի վերամշակման սարքավորումների և տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներ։