ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ավտոմոբիլային էլեկտրական տրանսպորտի լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման վերաբերյալ հանձնարարականին

Օգոստոսի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հանձնարարական է ընդունել Եվրասիական տնտեսական միության պետություններում ավտոմոբիլային էլեկտրական տրանսպորտի լիցքավորման և սպասարկման (տեխնիկական) ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման վերաբերյալ։

«Այս հանձնարարականի ընդունումը որոշում է հետագա մոտեցումները մեր երկրներում էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ենթակառուցվածքի համատեղ զարգացման աշխատանքում», — ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

Արտակ Քամալյանի խոսքով՝ ընդունված փաստաթուղթը Միության պետություններին առաջարկում է ուշադրությունը կենտրոնացնել համապատասխան ցանկում ընդգրկված մի շարք ուղղություններով կոոպերացիոն համագործակցության կառուցման վրա։ Խոսքը լիցքավորման և սպասարկման (տեխնիկական) ենթակառուցվածքի ստեղծումը խթանելու մասին է, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքներով տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի նպատակով միջազգային տրանսպորտային միջանցքներում և երթուղիներում, լիցքավորման ենթակառուցվածքի սարքավորումների արտադրության կազմակերպման մասին։

ԵԱՏՄ երկրներին առաջարկվում է Հանձնաժողովի հետ համատեղ մշակել անդամ պետությունների տարածքում ավտոմոբիլային էլեկտրական տրանսպորտի լիցքավորման և սպասարկման (տեխնիկական) ենթակառուցվածքի զարգացման ինտերակտիվ քարտեզը (նշելով օբյեկտների գտնվելու վայրը)՝ Միության տեղեկատվական պորտալում դրա հետագա տեղադրմամբ։

Անդամ պետությունների միջև փորձի փոխանակման և այս ոլորտում համատեղ նախագծեր ստեղծելու հնարավորության դիտարկման համար հանձնարարականը հղում է պարունակում ավտոմոբիլային էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ենթակառուցվածքի զարգացման նախագծերի կատալոգին, որոնք արդեն իրականացվում են կամ նախատեսվում է իրականացնել ԵԱՏՄ երկրներում:

«Այս ուղղությամբ անդամ պետությունների ջանքերի միավորումը և սերտ համագործակցությունը ի վերջո կնպաստեն էլեկտրատրանսպորտի մասսայականացմանը, նորարարական գործունեության խթանմանը, կլիմայական օրակարգի նպատակների իրականացմանը», — ընդգծել է Արտակ Քամալյանը։


Տեղեկանք

Տվյալ հարցը նախապատրաստվել է էլեկտրատրանսպորտի լիցքավորման ենթակառուցվածքի զարգացման ոլորտում անդամ պետությունների փորձի դիտարկման և (անհրաժեշտության դեպքում) համատեղ կոոպերացիոն նախագծի ստեղծման հնարավորության վերաբերյալ ԵՏՀ խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի N 8 հանձնարարության իրականացման նպատակով։

Հաշվի առնելով բոլոր անդամ պետություններում տվյալ ուղղության զարգացմամբ հետաքրքրվածությունը՝ Հանձնաժողովը կողմերի հետ համատեղ վերլուծել է լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման անդամ պետությունների փորձը, ներառյալ էլեկտրական լիցքավորման կայանների ցանցի ձևավորումը, ճանապարհային սպասարկման բազմաֆունկցիոնալ գոտիների շրջանակներում լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծումը, էլեկտրոբուսների լիցքավորման կայանների տեղադրումը և այլն, ինչպես նաև անդամ պետություններում լիցքավորման ենթակառուցվածքի զարգացման ընթացիկ վիճակը։

Կատարված վերլուծության արդյունքների հիման վրա նախապատրաստվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձը էլեկտրական փոխադրամիջոցների լիցքավորման ենթակառուցվածքի զարգացման գործում» զեկույցը, որի եզրակացությունները հետագայում հիմք են հանդիսացել ԵՏՀ կոլեգիայի նշված հանձնարարականի մշակման համար։