Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Բեգիջանովը մասնակցել է «Միջազգային առևտուրը 21-րդ դարում. ԱՀԿ-ի կանոններից՝ դեպի թվային էկոհամակարգեր» ամենամյա խորհրդաժողովի «Միջազգային առևտրի ապագան. Ռուսաստանը գլոբալ կանոնների և թվային հարթակների փոփոխման պայմաններում» թեմայով լիագումար նստաշրջանին:
Ելույթի ընթացքում նա ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության թվային փոխակերպման առանցքային գերակայությունները, հայտնել երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կնքած առանձնաշնորհային համաձայնագրերի հեռանկարային գործընկերների, այդ թվում՝ Եգիպտոսի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ աշխատանքի մասին: Նշված պետությունների հետ բանակցությունների բարեհաջող ավարտը թույլ կտա զգալիորեն ավելացնել առանձնաշնորհային ապրանքաշրջանառության բաժինը արտաքին առևտրային գործունեության մեջ:
Ռազմավարական հեռանկարում Միությունը միասնական թվային հարթակ կձևավորի առևտրի և տրանսպորտի համար, որն ինտեգրված կլինի մատակարարումների միջազգային շղթաներում: Սա թույլ կտա ոչ միայն բարձրացնել փոխադարձ առևտրի թափանցիկությունը, այլև ապահովել համատեղելիությունը հիմնական առևտրային գործընկերների հետ:«ԵԱՏՄ կնքվող համաձայնագրերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում առևտրային ընթացակարգերի պարզեցման և ավտոմատացման հարցին, ինչն ուղղակիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը և մեծացնում մատակարարումների կանխատեսելիությունը: Աշխատանք է կատարվում ինչպես սակագնային պայմանավորվածությունների ուղղությամբ, այնպես էլ ոչ սակագնային փոխգործակցության մասով՝ մաքսային ընթացակարգեր, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցներ, տվյալների էլեկտրոնային շրջանառություն», — նշել է Կոնստանտին Բեգիջանովը: