Նորություններ

19.04.2022 (Обновлено: 17.05.2022 13:23)

ԵՏՀ-ն ընդունել է հանձնարարական՝ ցեմենտային արտադրանքի արտադրության ոլորտում համագործակցության զարգացման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ապրիլի 19-ին ընդունել է հանձնարարական՝ Եվրասիական տնտեսական միությունում ցածր ածխածնային ցեմենտային արտադրանքի արտադրությունը խթանելու համար։

Ցեմենտային ճյուղը, վերլուծաբանների գնահատմամբ, հանդիսանում է ջերմոցային գազերի արտանետումների բարձր ցուցանիշներով՝ առավել էներգատար ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով գլոբալ կլիմայական օրակարգի պահանջները, ցածր ածխածնային ցեմենտային ճյուղի զարգացման հարցերը դառնում են հատկապես արդիական։

«Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի կողմից մանրամասն վերլուծության է ենթարկվել Միությունում արտադրվող ցեմենտի ինքնարժեքի կառուցվածքը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ցեմենտի արտադրության ժամանակ ծախսերի առավելագույն մասը կազմում են վառելիքաէներգետիկ ռեսուրսները և միջինում կազմում են 32%, իսկ որպես էներգիայի աղբյուրներ օգտագործվում են վառելիքի ավանդական տեսակները, ինչպիսիք են բնական գազը, մազութը, ածուխը։ Այն երկրներում, որտեղ կիրառվում են վառելիքի այլընտրանքային տեսակներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ լուծել երկրորդային հումքի օգտահանման և հանքային վառելիքի փոխարինման խնդիրները, ցեմենտի արտադրության համար էներգետիկայի ծախսերի բաժինը կազմում է 17%․ - ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ - Ընդ որում, որոշ ձեռնարկություններում այլընտրանքային վառելիքի օգտագործումը հասնում է ընդհանուր սպառման 100%-ի, բնական գազն օգտագործվում է միայն որպես ռեզերվային կամ օժանդակ։ Իսկ այլընտրանքային վառելիք օգտագործող Միության ցեմենտի գործարանների բաժինը այսօրվա դրությամբ աննշան է ու կազմում է մոտ 2%»։
Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից ընդունված փաստաթուղթը նախատեսում է համալիր միջոցներ, որոնք ուղղված են վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործմամբ ցածր ածխածնային ցեմենտային արտադրանքի արտադրության խթանմանը։ Միջոցառումների ցանկը ձևավորվել է ցեմենտ արտադրող խոշոր ձեռնարկությունների առաջարկների հիման վրա՝ Միության լիազորված պետական մարմինների մասնակցությամբ։

Փորձագետների կարծիքով, ԵԱՏՄ երկրների կողմից ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականով նախատեսված մոտեցումների կիրառումը թույլ կտա նվազեցնել ավանդական ռեսուրսների սպառման հետ կապված գործարանների ծախսերը, հնարավորություն կտա օգտահանել տարբեր թափոնները, նվազեցնել դեպի մթնոլորտ վնասակար արտանետումների ծավալները և ընդհանուր առմամբ հիմք կստեղծի ցածր ածխածնային տնտեսության ձևավորման համար։ Նշվել է նաև ԵԱՏՄ երկրների ցեմենտային ճյուղի տեխնոլոգիական ներուժը ցեմենտի վառարանները որպես թափոնների օգտահանիչներ օգտագործելու հարցում։ Այդ պրակտիկան սկսում է ներդրվել Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն դրա լիամասշտաբ առաջխաղացման համար անհրաժեշտ է արդիացնել տարբեր տեսակի թափոնների օգտագործման օրենսդրական կարգավորումը։

Արտակ Քամալյանը պատմել է Միության ցեմենտի ճյուղում տիրող իրավիճակի մասին, շեշտադրելով երրորդ երկրներից ցեմենտ մատակարարելու անհրաժեշտության բացակայությունը։ Անցած տարի ճյուղի ձեռնարկություններն արտադրել են 80,8 մլն տոննա ցեմենտ, ինչը 8,6%-ով ավել է 2020 թվականի համեմատ։ Միաժամանակ այդ ժամանակահատվածում ավելացել են ԵԱՏՄ-ում փոխադարձ մատակարարումների ծավալները՝ 19,2%-ով։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին