ԵՏՀ-ն ընդունել է գյուղմշակաբույսերի սերմերի արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումները և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցները
19.08.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ի նիստում ընդունել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի (տնկանյութի) շրջանառության դեպքում դրանց արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումների և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցների մասին հանձնարարականները:

Սերմնաբուծության վերաբերյալ փաստաթուղթն ընդունվել է սերմնաբուծության ոլորտի ազգային օրենսդրությունների հետևողական մերձեցման և լավագույն սորտերի բարձրորակ սերմերով գյուղարտադրության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից հաստատված միասնականացման միջոցների ցանկն իրականացնելու համար», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:

Ընդունված մոտեցումները Միության պետություններին հանձնարարում են կիրառել հացահատիկային, հատիկաընդեղենային, տեխնիկական, ձիթատու, պտղահատապտղային մշակաբույսերի և կարտոֆիլի սերմերի (տնկանյութի) արտադրության գիտականորեն հիմնավորված մեթոդներ ու սխեմաներ, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի սորտերի պահպանման գիտականորեն հիմնավորված միջոցառումներ ու հնարքներ, որոնց հիման վրա ապահովվում է բարձր սորտային և բերքային որակներով սերմերի աճեցումը: Փաստաթղթում նախատեսված է սերմերի արտադրության սխեմայում արտացոլվող տեղեկատվությունը, այդ թվում՝ մշակաբույսի, սորտի, արտադրման անհրաժեշտ միջոցառումների, ցանքի համար սերմերի պատրաստման, ցանքի ու բերքահավաքի անցկացման, լրացուցիչ մշակման, պահպանման և հիմնական ագրոտեխնիկական և այլ միջոցառումների մասին:

ԵՏՀ-ի հանձնարարականի օգտագործումը թույլ կտա ապահովել սորտափոխարինման և սորտաթարմացման համար պահանջվող սորտերի բարձրորակ սերմերի ծավալների արտադրությունը և իրացումը, որոնք կտարբերվեն լավագույն սորտային, տնտեսապես արժեքավոր և կենսաբանական հատկություններով:

Կարևոր է նաև, որ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների կողմից սերմեր (տնկանյութ) արտադրելիս կապահովվի ընթացակարգերի համարժեքությունը, իսկ ազգային օրենսդրություններում կվերացվեն փոխադարձ առևտրի վրա ազդեցություն գործող տարբերությունները:

Ինչ վերաբերում է շաքարի ոլորտի կայուն զարգացման համար Հանձնաժողովի կողմից առաջարկվող համալիր միջոցներին, ապա դրանք իրագործումը թույլ կտա լուծել մի շարք գործնական հարցեր: Առաջին հերթին թույլ կտա բարձրացնել ոլորտի աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել կախվածությունը շաքարի, արտադրության միջոցների ներմուծումից, կնպաստի արտահանման ներուժի ավելացմանը: