Նորություններ

23.04.2025

ԵՏՀ-ն անցկացրել է արդյունաբերության և ԱԱՀ ոլորտում Իրանի հետ համագործակցության զարգացմանը նվիրված սեմինար

Ապրիլի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ կայացել է արդյունաբերության և ԱԱՀ ոլորտում Իրանի հետ համագործակցության զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների և Իրանի տարածքի հատուկ տնտեսական գոտիներում բիզնեսի մասնակցությանը նվիրված սեմինար։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախաշեմին։

«Նման սեմինարները արդյունավետ հարթակ են, որտեղ հնարավոր է քննարկել ինչպես խնդրահարույց հարցերը, այնպես էլ այն ուղղությունները, որոնք կարող են աճի նոր կետ դառնալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է Անդրեյ Սլեպնևը։

Նա ընդգծել է, որ այս տարվա մայիսի 15-ին Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրների ընկերությունները իրանական շուկա մուտք գործելու յուրահատուկ պայմաններ կստանան, և հույս հայտնեց, որ կողմերը լիովին կօգտվեն ի հայտ եկող հեռանկարներից, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի հաստատման մասով։

Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է երկխոսության մի շարք գործիքների ստեղծում, որոնց օգնությամբ ԵԱՏՄ-ի և Իրանի գործարար շրջանակները կկարողանան առարկայական քննարկումներ անցկացնել համագործակցության զարգացման՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղությունների շուրջ։

«Ոլորտային համագործակցության շրջանակներում մենք տեսնում ենք արդյունաբերական և ագրոարդյունաբերական ձեռնարկությունների փոխգործակցության, գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման, կոոպերացիոն կապերի ընդլայնման մեծ ներուժ: ԵԱՏՄ պետություններն ունեն մեծ տնտեսական ներուժ, և ռեսուրսների առկայությունն ու համատեղ գործողությունները հնարավորություններ են բացում անդամ պետությունների և Իրանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը, մրցունակ արտադրության ծավալներն ավելացնելու ու բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը զարգացնելու համար»,- նշել է Գոհար Բարսեղյանը։

Արդյունաբերության և ԱԱՀ ոլորտում իրանցի գործընկերների հետ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններն առաջարկվում են ներառել ԵԱՏՄ-ի, նրա անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության համատեղ միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մշակվող նախագծում, որն ուղղված է Համաձայնագրի դրույթների կիրարկմանը:

Սեմինարին մասնակցել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, գործարար միավորումների և ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են արդյունաբերության և գյուղատնտեսության տարբեր ոլորտներ և հետաքրքրված են իրանցի գործընկերների հետ փոխգործակցության զարգացմամբ և Իրանի շուկա մուտք գործելով։