ԵՏՀ-ն զարգացնում է կոոպերացիան փոքրածավալ քիմիայի ոլորտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միությունում քիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև «2019-2023 թվականներին ԵԱՏՄ-ում փոքրածավալ քիմիայի ոլորտի ակնարկի» նախապատրաստման աշխատանքների շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության պատվիրակությունն այցելել է «Սկոլկովո» նորարարական գիտատեխնոլոգիական համալիրի հիման վրա գործող ռուսական LABADVANCE ընկերության լաբորատորիա:

Ընկերությունը մշակել է միկրոհեղուկ չիպերի եզակի տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր է փոքրածավալ քիմիայի նոր արտադրանք ստեղծել նույնիսկ մինի լաբորատորիաներում, որոնց մակերեսը չի գերազանցում մեկ քառակուսի մետրը։ Ընդ որում, քիմիական պրոցեսները տեղի են ունենում միկրոչիպի ներսում մոդելավորվող պայմաններում՝ սկզբնական հումքի նվազագույն ծավալների օգտագործմամբ:

Արդյունաբերական քաղաքականության վարչության պատվիրակները LABADVANCE ընկերության ներկայացուցիչներին պատմել են արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման նոր մեխանիզմի կիրառման հնարավորությունների մասին, որը սկսում է կիրառվել ԵԱՏՄ երկրներում։

«Արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի կիրառումը կարող է հզոր գործիք դառնալ Միությունում փոքրածավալ քիմիայի սեգմենտի զարգացման և չափազանց կարևոր արտադրանքի արտադրության համար ներմուծմանը փոխարինող արտադրությունների ստեղծման համար»,- նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։