Փետրվարի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում բեռնափոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող երկու կարգ: Սրանք համապատասխան մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ վերջին փաստաթղթերն են։
Փաստաթղթերից մեկն է Ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնք ներգրավված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներով երթևեկության (փոխադրման) ընթացքում նավիգացիոն կապարակնիքների հանմանը՝ առանց հետագծման օբյեկտի հսկողությունը դադարեցնելու, և դրանց հետագա տեղադրմանը, ինչպես նաև այն դեպքերը, երբ նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել երթևեկության (փոխադրման) ընթացքում առանց հետագծման օբյեկտի հսկողությունը դադարեցնելու:
Մյուսը ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգն է, որոնք ներգրավված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի երթևեկության (փոխադրման) ընթացքում նավիգացիոն կապարակնիքի փոխարինմանը, և այն դեպքերը, երբ թույլատրվում է հետագծման օբյեկտի երթևեկության (փոխադրման) ընթացքում նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը։ Այն նպատակաուղղված է ապրանքների փոխադրման (տարանցման, արտահանման դեպքում և փոխադարձ առևտրի շրջանակներում) ընթացքում պետվերահսկողության միջոցները նվազագույնի հասցնելուն և Միության տարածքում դրանց օրինական շրջանառության ապահովմանը։ Համաձայնագիրը նախատեսում է հետագծման փուլային ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և դրանք փոխադրող տրանսպորտի տեսակները։ Այս մոտեցումն ապահովում է փոխադրումների մասնակիցների և պետական մարմինների մեղմ հարմարեցումը նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմաններին:
«Մեր Միության երկրներում նշված տեխնոլոգիայի օգտագործումը թույլ կտա տրանսպորտին հետևել առցանց ռեժիմով հարյուրավոր և հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, - ընդգծել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը, - և արձանագրել փակ բեռնախցիկում գտնվող ապրանքների նկատմամբ յուրաքանչյուր ապօրինի գործողություն, եթե դրանք տեղի ունենան: Նավիգացիոն կապարակնիքների կիրառման հաշվին ապահովվում է փոխադրումների թափանցիկությունը»։
Համաձայնագիրը և դրա իրականացմանն առնչվող նորմատիվ ակտերը՝ ներառյալ վերջին Կարգերը, պատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միության երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև գործարար համայնքի հետ համատեղ: Ընդ որում, հաշվի է առնվել անդամ պետություններում արդեն առկա փորձը, որը ձեռք է բերվել նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ փորձնական նախագծերի իրականացման ընթացքում։
ԵԱՏՄ երկրները նույնպես ավարտում են Համաձայնագրի գործնական իրականացումն սկսելու համար անհրաժեշտ միջոցառումները։ Այժմ կողմերը գնահատում են նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ բեռնափոխադրումների հետագծումն սկսելու իրենց պատրաստականությունը. ավարտում են տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, ազգային մակարդակով ակտերի նախապատրաստումը, սակագներ են սահմանում և այլն։ Ազգային մակարդակով բոլոր անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո Միության պետությունները Հանձնաժողովին կտեղեկացնեն հետագծումն սկսելուն իրենց պատրաստականության մասին, որն իր հերթին կարգադրական ակտ կընդունի Միությունում Համաձայնագրի գործնական կիրառումը սկսելու օրվա մասին: