Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչությունը սկսել է Բելառուսի Հանրապետությունում բժշկական կիրառման համար գրանցված «Պոլիմեթիլսիլոքսան պոլիհիդրատ» գործող բաղադրիչով դեղորայքային պատրաստուկների մեծածախ իրացման անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը։ Այս պատրաստուկներից մեկը «Էնտերոսգելն» է:
Գործն սկսվել է հակամենաշնորհային հետաքննության արդյունքում, որի ընթացքում պարզվել են Եվրասիական տնտեսական միության իրավունքով արգելված հակամրցակցային համաձայնագրի նշաններ։ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսավարող սուբյեկտների միջև դեղորայքային պատրաստուկների մատակարարման պայմանագիրը պարունակում է պայման, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ անդրսահմանային շուկայում առկա մրցակցության վրա։ Պարզվել է, որ գնորդը հետագայում չի կարող իրացնել դեղորայքային պատրաստուկները դրանց գնման գնից ցածր գնով առանց վաճառողի գրավոր համաձայնության:
Բացի այդ, բացահայտվել են Բելառուսի տարածքում «Պոլիմեթիլսիլոքսան պոլիհիդրատ» գործող բաղադրիչով դեղորայքային պատրաստուկների շուկայում ռուսական սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման նշաններ՝ մենաշնորհային բարձր գին սահմանելու մասով։ ԵՏՀ վարչությունը ուշադրություն է հրավիրել Միության երկրներից Բելառուս այդ դեղերը մատակարարող դիստրիբյուտորների սահմանափակ թվին, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրների համադրելի շուկաների համեմատ դրանց բարձր արժեքին։
Համապատասխան նյութերն ուղարկվել են Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանի տնտեսավարող սուբյեկտը նշված ապրանքային շուկայում գերիշխող դիրք ուներ միայն Բելառուսի տարածքում։
ԵԱՏՄ իրավունքը սահմանել է առավելագույնը 120 աշխատանքային օր ժամկետ՝ «հնգյակի» երկրների ազգային հակամենաշնորհային իշխանությունների, ինչպես նաև գործով հնարավոր խախտողների մասնակցությամբ գործը քննելու համար։ Այս ժամանակահատվածում անհրաժեշտ է պարզել «Պոլիմեթիլսիլոքսան պոլիհիդրատ» գործող բաղադրիչ ունեցող դեղորայքային պատրաստուկների շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների առկայությունը կամ բացակայությունը:
Գործի քննության արդյունքները կներկայացվեն ԵՏՀ Կոլեգիային որոշում կայացնելու համար։