Հուլիսի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեղամիջոցների փորձագիտական կոմիտեն ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինի նախագահությամբ կայացած նիստում հավանություն է տվել նորմատիվ ակտերի նախագծերին և առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը։
Մանրէազերծ և ոչ մանրէազերծ դեղեր արտադրողների համար արտադրական միջավայրի մանրէաբանական մշտադիտարկման կազմակերպման և իրականացման ուղեցույցի նախագիծը, որն առաջին անգամ մշակվել է որպես հանձնարարական, կապահովի այս ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների մոտեցումների ներդաշնակեցում։
Հավանություն է տրվել նաև ԵԱՏՄ շրջանակներում դեղորայքային պատրաստուկների կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման կանոնները, որոնք հնարավորություն են տալիս մոդելային համակարգեր (արհեստական թաղանթներ) օգտագործել գելերի, քսուկների և տեղային կիրառության այլ դեղաձևերի կենսահամարժեքության ուսումնասիրման համար։ Սա թույլ կտա փոխարինել դոնորական մաշկի օգտագործմամբ հետազոտությունների թանկարժեք և բարդ ընթացակարգն այլընտրանքային տեխնոլոգիական մեթոդով։
Բժշկական կիրառության դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների՝ Կոմիտեի կողմից հավանության արժանացած փոփոխությունների նախագիծը նախատեսում է դիմումների ձևերում և գրանցված միջոցների միասնական գրանցամատյանում դեղամիջոցի կազմում ակտիվ նյութերի անվանումները (ՄՉԱ, ընդունված, խմբավորման կամ քիմիական անվանումը)
նշելու միասնական մոտեցում։
Ալեքսանդր Սուբետինը Միության պետությունների փորձագետներին շնորհակալություն է հայտնել փաստաթղթերի մանրակրկիտ մշակման և պատշաճ նախապատրաստման համար, ինչը թույլ տվեց համաձայնություն ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ։
Նշված նախագծերը նախատեսվում է քննարկել ԵՏՀ կոլեգիայի այս տարվա օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին կայանալիք նիստում։