ԵՄԿԽ-ն քննարկել է արդյունաբերության ոլորտի համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի իրականացումը

Դեկտեմբերի 13-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են արդյունաբերության ոլորտի համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման ընթացքը։

Նշվել է, որ 2024 թվականի հունիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ մասին պայմանագրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է նման աջակցության տրամադրման լիազորություններ։

Հանձնաժողովին նախագծերի քննարկման հայտեր են ներկայացնում լիազորված ազգային բանկերը և Եվրասիական զարգացման բանկը: Դրանք նաև բիզնեսի հետ կապող օղակ են հայտեր իրականացնելիս։

Հանձնաժողովը ներկայումս քննարկում է երեք կոոպերացիոն նախագիծ։ Դրանց մասնակցում են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։ Նախագծերը ներառում են քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսական և երկաթուղային մեքենաշինության ոլորտները: Նախատեսվում է, որ ԵՏՀ-ում ստացված առաջին հայտերը սահմանված կարգով կքննարկվեն Միության մարմիններում մինչև տարեվերջ։

Նոր մեխանիզմի իրականացման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի վեցամսյա պրակտիկան բացահայտել է արդյունաբերության ոլորտի համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության մասին հիմնադրույթի մի շարք նորմերի ճշգրտման անհրաժեշտություն: Փաստաթղթի կատարելագործման վերաբերյալ առաջարկների մի մասը ստացվել է բիզնեսի ներկայացուցիչներից։

ԵԱՏՄ երկրների վարչապետերը հավանություն են տվել կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորմանը մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկում Ռուս-Ղրղզական հիմնադրամի ընդգրկմանը։