Գեորգի Արզումանյան. «ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը թույլ կտա ամրապնդել տեխնոլոգիական և արդյունաբերական ինքնիշխանությունը»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների 11-րդ համաժողովում ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմը։

Գեորգի Արզումանյանը խոսել է ԵԱՏՄ-ում տնտեսության իրական հատվածում համատեղ նախաձեռնություններին աջակցելու նոր վերազգային գործիքի գործարկման նորմատիվ իրավական ապահովման մասով կատարված աշխատանքի մասին, ներկայացրել արդյունաբերության ոլորտների համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության, հաստատման և իրականացման հիմնական մոտեցումները:

«Արդյունաբերության ոլորտների համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության նոր վերազգային մեխանիզմն ուղղված է ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերի հետ գործընկերության շրջանակներում համագործակցության ներուժի բացահայտմանը և գործնական իրականացմանը և թույլ կտա արդյունավետ ներդրում ունենալ տեխնոլոգիական և արդյունաբերական ինքնիշխանության ամրապնդման գործում», — ընդգծել է նա։

Բացի այդ, Գեորգի Արզումանյանը նստաշրջանի մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել ԵԱՏՄ-ում կոոպերացիոն համագործակցության ոչ ֆինանսական աջակցության գործիքը՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակները։

«Եվրասիական տեխնոլոգիական հարթակները միավորում են անդամ պետությունների գիտատեխնիկական և նորարարական ոլորտների ներուժը ազգային արդյունաբերական համալիրների փոխշահավետ նորարարական զարգացման խթանման, հեռանկարային առևտրային տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական և մրցունակ արտադրանքի ստեղծման և ներդրման համար», — նշել է Գեորգի Արզումանյանը։
Ամփոփելով ելույթը՝ նա պատրաստակամություն է հայտնել շահագրգիռ մասնակիցներին, հատկապես մարզերում, հանգամանորեն ծանոթացնել նշված մեխանիզմի մանրամասներին, ինչպես նաև հրավիրել է այցելել Հանձնաժողովի ստենդ, որը նախատեսվում է ներկայացնել հուլիսի 8-ից 11-ը Եկատերինբուրգում կայանալիք ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում։