Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է Կլիմայական օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի («Ճանապարհային քարտեզի») իրականացման հարցը։
Նշված աշխատանքի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստել է համալիր զեկույց ԵԱՏՄ անդամ պետությունների և հիմնական առևտրային գործընկերների ցածր ածխածնային զարգացման ոլորտի ազգային օրենսդրության վերլուծության վերաբերյալ։
Ելնելով այս փաստաթղթի եզրակացություններից՝ Միության երկրների կառավարությունների ղեկավարները հանձնարարել են մշակել ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումներ, որոնք նախատեսում են կոոպերացիոն կլիմայական նախագծերի իրականացում, ինչպես նաև ցածր ածխածնային զարգացման խթանում։
«Մասնավորապես, խոսքը կարող է լինել շահագրգիռ անդամ պետությունների և երրորդ կողմերի կողմից կլիմայական կոոպերացիոն նախագծերի իրականացման արդյունքների շրջանառության համար պայմաններ ստեղծելու մասին՝ հաշվի առնելով միջազգային միտումները։ Հնարավոր է նաև կլիմայի պաշտպանության ոլորտում վավերացման և ստուգման մարմինների հավատարմագրման ազգային համակարգերի նկատմամբ համաձայնեցված մոտեցումների ձևավորում՝ հիմք ընդունելով լավագույն միջազգային պրակտիկաները և հիմնական առևտրային գործընկերների փորձը», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Բացի այդ, տվյալ մոտեցումների շրջանակներում կմշակվեն անդամ պետությունների տարբեր կլիմայական կարգավորմամբ պայմանավորված սահմանափակումներ և խոչընդոտներ թույլ չտալու առաջարկներ, ներառյալ տնտեսությունների ածխածնազերծման պլանների վերաբերյալ տեղեկատվության համակարգումը և փոխանակումը:
Համապատասխան մոտեցումները նախատեսվում է Միության մարմինների քննարկմանը ներկայացնել 2024 թվականի 1-ին կիսամյակում։
Տեղեկանք
Կլիմայական օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև համագործակցության միջոցառումների առաջին փաթեթը («Ճանապարհային քարտեզը»), որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, նախապատրաստվել է Միության անդամ պետությունների դիրքորոշումների մերձեցման առաջարկներ մշակող բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից, որը ստեղծվել է ի կատարումն ԵՄԿԽ 2021 թվականի օգոստոսի 20-ի № 10 կարգադրության։