Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից դրանց իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման հիմնադրույթը։
Հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և դրանց կառավարությունների ղեկավարների հանձնարարություններին համապատասխան և հանդիսանում է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր ծրագրի հիմնարար փաստաթուղթը:
«Այս մեխանիզմը բեկումնային իրադարձություն է արդյունաբերության ինտեգրացիոն զարգացման ճանապարհին, քանի որ առաջին անգամ ձևավորվում է տնտեսության իրական հատվածում կոոպերացիայի խթանման վերպետական ֆինանսական գործիք, — ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ — Արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության ծրագիրը բացում է բազմակողմ համագործակցության զարգացման նոր էջը և կնպաստի մեր երկրների հետագա տեխնոլոգիական զարգացմանը։ Նոր մեխանիզմը կոչված է խթանելու արդյունաբերական ներուժի զարգացման և ամրապնդման համար կուտակված ներուժի իրագործումը, երաշխավորված ապահովելու նոր տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման հասանելիությունը, այդ թվում՝ փոքր տնտեսությունների համար, ինչը անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի սեփական արտադրական ներուժի բարձրացման և ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»։
Ընդունված Հիմնադրույթը սահմանում է նախագծերի ընտրության կարգն ու չափորոշիչները, փոխառուներին և ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մեխանիզմին մասնակցելու հայտ ներկայացնելու ընթացակարգը, կոոպերացիոն նախագծերի իրականացման նկատմամբ յուրաքանչյուր կողմի վերահսկողությունն ու պատասխանատվությունը:
Նախագծերի ընտրության չափորոշիչ է մի քանի հիմնական պայմանի կատարումը։ Կոոպերացիոն նախագիծը կարող է քննարկվել, եթե դրան մասնակից են Միության երեք կամ ավելի երկրների ձեռնարկություններ: Հիմնադրույթի համաձայն՝ նախագիծը պետք է ուղղված լինի մեկ կամ մի քանի նշանակալի արդյունքի հասնելուն, օրինակ՝ նոր ձեռնարկության ստեղծմանը կամ վերազինմանը, ավելացված արժեքի շղթայի ձևավորմանը, արտահանման ավելացմանը, առևտրի կամ ներդրումների ծավալների աճին։ Եվ ձեռնարկատերերը պետք է այն իրականացնեն հինգ տարվա ընթացքում։
Եթե խոսենք ֆինանսական աջակցության քանակական ցուցանիշների մասին, ապա կողմերը մինչև օրս պայմանավորվել են հետևյալի շուրջ. սուբսիդիայի չափը հավասար է ազգային արժույթի առանցքային (հաշվառման) դրույքաչափի (առանցքային դրույքաչափի 100%-ի) չափին, որով կատարվում է ծրագրի ֆինանսավորումը, ընդ որում, մեկ նախագծի սուբսիդավորման տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել 350 միլիոն ռուսական ռուբլին: Մեխանիզմին մասնակցող բանկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել 6.5%-ով բարձրացված առանցքային տոկոսադրույքի մակարդակը: Կոոպերացիոն նախագծեր ստանալիս Հանձնաժողովը տարին երկու անգամ կկազմի դրանց ցուցակները և կդասավորի ստացված նախաձեռնություններն ըստ առաջնահերթության՝ ըստ բալային համակարգի:
«Հուսով ենք, որ հաջորդ տարի կմեկնարկի կոոպերացիոն նախագծերին աջակցելու ծրագիրը։ Միության բյուջեում դրա համար արդեն նախատեսված է մոտավորապես 1.8 մլրդ ռուսական ռուբլի, և մենք սպասում ենք հետաքրքիր նախագծային առաջարկների մեխանիզմը լիարժեք գործարկելու համար», — պարզաբանել է Արտակ Քամալյանը։
Տեղեկանք
Որոշումն ուժի մեջ կմտնի Միության պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման դեպքում ֆինանսական աջակցության տրամադրման մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված արձանագրության ուժի մեջ մտնելու օրը: