Մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության պետություններն ընդունել են Միությունում արհեստական բանականության պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարություն: Փաստաթուղթը նախապատրաստվել է՝ կատարելով Ղազախստանի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում նշված գերակայությունները:
Հայտարարությունը ռազմավարական և շրջանակային է և հիմք է ձևավորում արհեստական բանականության պատասխանատու զարգացման և ԵԱՏՄ տնտեսությունում դրա տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ անդամ պետությունների համաձայնեցված աշխատանքի համար:
Հայտարարությունում վերահաստատվում է անդամ պետությունների թվային ինքնիշխանությունը, ամրապնդվում են օբյեկտիվության, անխտրականության և բարոյականության սկզբունքները, ինչպես նաև Միության ներքին շուկայում նոր խոչընդոտների կանխարգելման ուղենիշները:
Փաստաթուղթն ուղղված է արհեստական բանականության ոլորտում գործնական փոխգործակցության զարգացմանը, ներառյալ համատեղ նախագծերի իրականացումը, կարգավորման փորձի փոխանակումը և տեխնոլոգիական և արտադրական շղթաներում կոոպերացիան:
Որպես ուղենիշ նշվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից խթանվող վստահելի արհեստական բանականության միջազգային սկզբունքները:
Հայտարարության դրույթների իրականացումը կնպաստի թվային փոխակերպման արագացմանը, անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացմանը, քաղաքացիների և բիզնեսի համար նոր հնարավորությունների ստեղծմանը: