Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Մասնավորապես, քննարկվել են ֆինանսական աջակցության վերազգային մեխանիզմի օգտագործմամբ կոոպերացիոն նախագծերի իրականացման, արդյունաբերությունում միասնական թվային հարթակի ձևավորման, միջպետական ծրագրերի իրականացման հարցեր։ Խոսվել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհուրդ անցկացնելու մասին։
«Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ մենք պատրաստ ենք հետագա աշխատանքի բոլոր ուղղություններով, կիսում ենք մեր փոխադարձ համագործակցության ամրապնդման ընդհանուր շահերը»,- նշել է Գոհար Բարսեղյանը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը նոր փոխշահավետ նախաձեռնությունների շուրջ։ Դենիս Մանտուրովը Գոհար Բարսեղյանին առաջարկել է համատեղ ելույթ ունենալ «ԻՆՆՈՊՐՈՄ: Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նստաշրջանում, որը կանցկացվի այս տարվա ապրիլին Տաշքենդում։
Տեղեկանք
2023 թվականին ԵԱՏՄ արդյունաբերությունը դրական դինամիկա է ցուցադրել: Ընդհանուր առմամբ Միությունում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7%-ով։ Հատկապես բարձր են մշակող արդյունաբերության աճի տեմպերը՝ 7.4%-ով։