Գոհար Բարսեղյան. «Եվրասիական ինտեգրման կարևոր ձեռքբերումներից է ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը»

Ապրիլի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ ունեցավ «Նոր դարաշրջան՝ նոր ուղիներ» համաշխարհային համաժողովի «Մեծ եվրասիական գործընկերություն. նախաձեռնություն, որը կարող է միավորել պետություններն և ինտեգրացիոն կազմավորումները իրավահավասար և արդար համագործակցության համար» լիագումար նստաշրջանում:

Գոհար Բարսեղյանը նշել է, որ տարածաշրջանային տնտեսական միավորումների շարքում Եվրասիական տնտեսական միությունն արժանի տեղ է զբաղեցնում և առանցքային դերակատարում ունի անդամ պետությունների տնտեսության ամրապնդման, նրանց ներդաշնակ զարգացման ապահովման գործում։ ԵԱՏՄ-ի դիրքավորումը որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման տնտեսական կենտրոններից մեկը սահմանվել է որպես Միության «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ՄԻության հետագա զարգացման մասին հռչակագրի առանցքային գերակայություններից մեկը:

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ Միությունը պլանաչափ կառուցում է Մեծ Եվրասիական գործընկերության միջուկը կազմող խոշորագույն տարածաշրջանային միավորումների հետ միջազգային երկխոսության ենթակառուցվածք: Դրանք են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը, Աֆրիկյան միությունը և այլ շահագրգիռ միավորումներ ու պետություններ։

«ԵԱՏՄ-ն բաց է երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրման և միջպետական միավորումների հետ երկխոսության համար։ Այս տարի Եվրասիական տնտեսական միության երկրներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, նախագահում է ԲՐԻԿՍ-ը, և մենք նախատեսում ենք ԲՐԻԿՍ և ԵԱՏՄ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպումն անցկացնել 2024 թվականի օգոստոսին Նիժնի Նովգորոդում», — ասել է Գոհար Բարսեղյանը:

Նախարարն անդրադարձել է տրանսպորտալոգիստիկ ոլորտի զարգացմանը և տարանցիկ ներուժի օգտագործմանը՝ որպես արտաքին շուկաներ մուտք գործելուն ուղղված տնտեսական փոխգործակցության կարևոր տարրերին։ Նրա կարծիքով, եվրասիական տարածաշրջանի երկրները ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով կապակցելուն կօգնի, այդ թվում, այս տարի Միության մարմիններում նախագահող Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը:

Ներկայացնելով ԵԱՏՄ հաջողությունները՝ Գոհար Բարսեղյանը նշել է, որ Միությունը հատուկ ուշադրություն է դարձնում տնտեսության իրական հատվածի զարգացմանը, այդ թվում՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտներում:

«2023 թվականին ԵԱՏՄ երկրների արդյունաբերությունը ցույց է տվել արտադրության ցուցանիշների աճի դրական դինամիկա՝ 2022 թվականի համեմատ 3.7%-ով։ Աճ է գրանցվել Միության բոլոր երկրներում։ Արտադրության ցուցանիշների դրական դինամիկան այս տարի ակտիվացել է և հունվար-փետրվարին հասել 6.6%», — ասել է նա։

Եվրասիական ինտեգրման ժամանակակից փուլում կարևոր ձեռքբերումներից է ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի ներդրումը։ Նրա կարծիքով, սա տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է։