Ապրիլի 28-29-ը Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ցուցահանդեսի առանցքային միջոցառումը «Ռազմավարական արդյունաբերական գործընկերությունը Կենտրոնական Ասիայում. ինտեգրում առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա» լիագումար նստաշրջանն էր, որտեղ Գոհար Բարսեղյանը զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև արդյունաբերական համագործակցության գերակայությունների և Ուզբեկստանի ձեռնարկությունների հետ կոոպերացիոն կապերի զարգացման հեռանկարների մասին։
«ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ։ Հեռանկարային կարող են դառնալ մեքենաշինության, ավիաշինության, քիմիական և թեթև արդյունաբերության ոլորտների համատեղ նախագծերը։ Ե՛վ ԵԱՏՄ երկրները, և՛ Ուզբեկստանը հետաքրքրված են դրանց իրականացմամբ և այդ ուղղություններով արտադրության ավելացմամբ», — նշել է Գոհար Բարսեղյանը։
Ցուցահանդեսի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։
Բացի այդ, Գոհար Բարսեղյանը այցելել է «Tashtib-Tex» ՍՊԸ-ի Տաշքենդի տեքստիլ կոմբինատ» ձեռնարկություն, այցի ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում և ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի իրականացման շրջանակներում համագործակցության զարգացման հարցեր։